Հայաստանի 5 մլն դրամ արժեցող նախագիծը` Վենետիկի 55-րդ բիենալեում

Հայաստանի 5 մլն դրամ արժեցող նախագիծը` Վենետիկի 55-րդ բիենալեում

PanARMENIAN.Net - Վենետիկյան բիենալեում ցուցադրվում են գեղարվեսական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսևորումները, սակայն 2013 թվականի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի և ներկայի, ավանդույթի և մոդեռնի համակցումն է: Այս իմաստով Հայաստանի կողմից 55-րդ բիենալեին ներկայացված Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը (նարրատիվ), որը խոսքի և դրա անմիջական դրվագման ինքնատիպ օրինակ է՝ շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները:Պատումի տեսահոլովակն անընդմեջ ցուցադրվել է բիենալեի հիմնական մեծ տաղավարներն ընդգրկող «Ջարդինի» և վենետիկյան Զինանոցի՝ Արսենալիի հսկայական համալիրի նախասրահներում, ինչպես նաև մշակութային և հասարակական նշանակության այլ կենտրոններում:

Այն ոչ միայն լիովին համապատասխանում էր բիենալեի գլխավոր կոնցեպցիային, այլ նաև այն տեղին ու միջավայրին, որտեղ ցուցադրվում էր՝ Սուրբ Ղազար կղզում, այսինքն այն վայրում, որտեղ ի հայտ են եկել հայ բազմադարյա մշակույթի բազում նմուշներ, այդ թվում և հայ առաջին տպագիր գիրքը: Ի սկզբանե հնարավորություն կար հայկական նախագիծն իրականացնել Վենետիկի կենտրոնում գտնվող Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում, սակայն նախագծի հեղինակը և համադրողը կոնցեպտուալ իմաստով ճիշտ համարեցին այն իրականացնել հենց Սուրբ Ղազարում, որտեղ գործում է տպագրական հնագույն մեքենաների թանգարան, և Արարատ Սարգսյանի ինքնաշեն տպագրական սարքը դառնում է թանգարանի ցուցադրանքի շարունակությունը: Կարևոր է, որ Արարատ Սարգսյանի պատումն ուղեկցվում էր ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով` անգլերեն լուսագրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալել հյութեղ կառնո բարբառով ընթացող խոսքի և դրվագումի իմաստը:

Հայաստանյան նախագծի ներկայացման հովանավորը ՀՀ մշակույթի նախարարությունն է, լիազորված անձը` նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, համադրողը` արվեստաբան-նկարիչ Արման Գրիգորյանը: Նախագծի կայացման աշխատանքներին նպաստել են վենետիկաբնակ Վարդան Կարապետյանը, համակարգողներ Սաթենիկ Սարգսյանը, Նինա Հայրյանը: Նախագծի իրականացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրել է 5 մլն դրամ:

Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն աշխարհի խոշորագույն մշակութային միջոցառումներից է: Այն հիմնադրվել է 1895 թվականին` որպես «Վենետիկի միջազգային գեղարվեստական ցուցահանդես», որտեղ ցուցադրվել են 16 երկրի նկարիչների ստեղծագործություններ: Այնուհետև, երկու տարին մեկ կազմակերպվող այս ցուցահանդեսի վարկն այնքան է բարձրացել, որ այստեղ ձգտել են ցուցադրվել միջազգային ճանաչում ունեցող ամենահայտնի նկարիչները: Սկսած 1930 թվականներից բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտական, թատերական, կինոյի փառատոներ, իսկ 1975 թվականից` ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը: 2013 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին, այն կրում էր «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Վենետիկի 55-րդ բիենալեին ներկայացված էին 150 նկարիչ և 88 ազգային տաղավար: Բիենալեի գլխավոր կուրատոր Մասիմիլիանո Ջոնին «Հանրագիտարանային պալատ» անվանումը վերցրել է ինքնուս նկարիչ Մարինո Աուրիտիի այդպես էլ իրականություն չդարձած համանուն նախագծից /1955 թ./: Այն պետք է լիներ մի երևակայական թանգարան, որտեղ զետեղված կլինեին մարդկության բոլոր գլխավոր հայտնագործությունները` անիվից մինչև տիեզերանավ: Ըստ Մասիմիլիանո Ջոնիի այս անսովոր երազանքն ինչ-որ առումով կարող է բնորոշել և միավորել այն արվեստագետներին, գրողներին և գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներում փորձել են հորինել աշխարհի ընդհանրական պատկերացումներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---