«Ոսկե ծիրան». Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կիրականանա արդեն 5-րդ անգամ

«Ոսկե ծիրան». Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կիրականանա արդեն 5-րդ անգամ

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակցում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: «Ծրագրի որոշ մասեր հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ, Գերմանիայի,Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ», - այսօր ասուլիսի ժամանակ նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մանրամասնեց. «Մեր համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը: Նա նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել երիտասարդ ռեժիսորների համար»:

ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական Անադոլու Քյուլթուր (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: Միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը և երկու երկրների կինոգործիչների համար ստեղծագործելու յուրահատուկ հարթակ է: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց, թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ:

ԱՄՆ-ից կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ’Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում: Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայրը» վավերագրականը, Լիսան Սարտորի «Six Letter Word» կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու «All Together Now» խաղարկային ֆիլմերը` բոլորն ամերիկյան արտադրության:

Գերմանիայի դեսպանության հետ գործակցության մանրամասները ներկայացրեց դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը. «Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով»:

Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի «Dva», Էրիկ Շմիդթի «Rhino Full Throttle», Էլմար Իմանովի «The Swing of the Coffin Maker» գերմանական արտադրության և Էնգին Կունդակի Արարատ թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից» գերմանա-վրացական համատեղ արտադրությունները: Ֆրանսիական համագործակցության արդյունքը Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ժյուրիի կազմում ներառել ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավեդիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջև» վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն:

Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկայինը, «Լևիաթան» վավերագրականը, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի «Կորած հորիզոնները» և Արտո Փեհլիվանյանի «Վ…», այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի «Թո՚ւհ» (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի «The Big Leap» և Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---