Վարչապետ. Խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար քայլեր են ձեռնարկվում

Վարչապետ. Խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար քայլեր են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի ներկայացուցիչներին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը և այլն:

Նա նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը և հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանասական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռևս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռևս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ:

Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարևորագույն խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ թուլ փորձում ենք քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:

«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային և իրավաբանական, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ: Երևանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---