Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է արել PBS-ին եթեր չտրամադրել նրանց, ով չի ընդունոմ ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Հանրային հեռարձակման ծառայությանը (Public Broadcasting Service - PBS) չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանությունն ուրացողներին հեռուստատեսային լսարան տրամադրելու իր ծրագրերը: PBS նախագահի ծրագրերի գծով տեղակալ Ջեյքոբա Աթլասին փետրվարի 14-ին հղած նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամ, ԱՄՆ Արեւմտյան ափի Հայ Դատի գրասենյակի նախագահ Սթիվ Դադայանն արտահայտել է ամերիկահայ համայնքի ընդվզումը ապրիլին ցուցադրվելիք Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» ֆիլմից անմիջապես հետո Հայոց ցեղասպանության երկու հայտնի ուրացողների` Ջասթին Մակքարթիի եւ Օմեր Թուրանի մասնակցությամբ կլոր սեղան եթեր հեռարձակելու` PBS-ի մտադրության դեմ: Նամակում Դադայանն ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն ուրացողների կամ Հոլոքոստի ռեւիզիոնիստների գոյությունը իրավունք չի տալիս այդ անձանց տեղ ունենալ մեր ազգային ամբիոնում նրանց կողքին, ովքեր պատասխանատվությամբ ուսումնասիրում եւ փաստագրում են մարդկության դեմ այդ եւ այլ հանցագործությունները»: «Պատկերացրեք, օրինակ, թե որքան անհեթեթ կլիներ «Շինդլերի ցուցակի» հեռարձակումից հետո Հոլոքոստն ուրացողների մասնակցությամբ կլոր սեղանի հեռարձակումը»,- ավելացրել է նա: Մեկնաբանելով նամակը, որ PBS-ն անցյալ շաբաթ հղել է ամերիկահայերին, Դադայանը ողջունել է հեռուստացանցի կողմից այն փաստի ընդունումը, որ «պատմաբանների, պետությունների եւ լրատվական կազմակերպությունների մեծամասնությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը», եւ մատնանշել է, որ, «բացի թուրքական կառավարությունից եւ նրա շահերի արտահայտիչներից, միջազգային հանրությունը ճանաչել եւ դատապարտել է այդ հանցագործությունը»: Դադայանը, ամփոփելով իր նամակը, ընդգծում է, որ «Հեռարձակելով Հայոց ցեղասպանությունն ուրացողների մասնակցությամբ կլոր սեղանը` PBS-ն կդառնա թուրքական կառավարության ուրացողական քաղաքականության հանցակիցը»: Արդեն մի քանի հազար մարդ է ստորագրել հիշյալ կլոր սեղանի հեռարձակումը չեղյալ հայտարարելու` PBS-ին ուղղված ինտերնետային պահանջագիրը, որ տեղադրված է հետեւյալ ինտերնետային հասցեում` www.PetitionOnline.com, հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---