Վարչապետը ծանոթացել է AREAL գծային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է AREAL գծային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:

Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Սարգսյանը շրջայց է կատարել ինստիտուտի տարածքում, ծանոթացել «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների արդյունքներին:

«Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը զեկուցել է AREAL գծային արագացուցչի և համապատասխան ենթակառուցվածքների գործարկման ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. դեկտեմբերին ձեռք է բերվել դիագնոստիկ սարքավորում: Ձևավորվել է եվրոպական և ամերիկյան առաջատար փորձագետներից բաղկացած միջազգային կոմիտե, որը 2013 թ. հուլիսի 15-17-ը կայանալիք նիստում կքննարկի առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և քննարկման արդյունքում կազմված հաշվետվությունը կներկայացնի համաշխարհային գիտական կենտրոններին:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկուցումը «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա խոսել է «Քենդլ» և «Հետազոտական տեխնոլոգիական համալսարան» նախագծերը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում ընդգրկելու հեռանկարների մասին:

AREAL գծային արագացուցիչը կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար: Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթենֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---