Գազի ու լույսի դեպքում «անցավ», բայց ուղեվարձի 50 դրամը «չի անցնում». Քաղաքապետը չկարողացավ հիմնավորել թանկացումը

Գազի ու լույսի դեպքում «անցավ», բայց ուղեվարձի 50 դրամը «չի անցնում». Քաղաքապետը չկարողացավ հիմնավորել թանկացումը

PanARMENIAN.Net - Երևանում չեն հանդարտվում կրքերը՝կա կապված ուղեվարձի թանկացման հետ՝ 100 դրամից՝ 150 դրամ: Ավելին, ընդվզումը թափ է առնում՝ գնալով ավելի շատ մարդիկ են միանում բողոքներին, հրաժարվում վճարել 150 դրամ, ավելի շատ երիտասարդներ կանգառներում «գրոհով վերցնում են» ավտոբուսներն ու միկրոավտոբուսները՝ հորդորելով քաղաքացիներին չվճարել այդ ավելորդ 50 դրամը, գնալով ավելի շատ սեփական ավտոմեքենաներ են մարդկանց մի կետից մյուսը տեղափոխում անվճար:

Գործին միացել են ոչ միայն շարքային քաղաքացիները: Երեկ Հայստանի օմբուդսմենը պաշտոնական հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետին ուղեվարձի բարձրացման վերաբերյալ, որտեղ նշել էր, թե հասարակական տրանսպորտում այն հնարավոր է միայն Երևանի քաղաքապետի որոշման առկայության և դրա պատշաճ հրապարակման դեպքում: Մի քանի ժամ անց քաղաքապետարանի կայքում հայտնվեց ստորագրված համապատասխան որոշումը՝ թվանշված հուլիսի 19-ով:

Օմբուդսմենի գրասենյակում ասացին, որ քաղաքապետի որոշումը հրապարակվել է նրա ընդունումից 5 օր անց, թեև, ըստ օրենքի, պետք է հրապարակվեր նույն, կամ հակառակ դեպքում, հաջորդ օրը: Բայց դա մի կողմ:

Այսօր՝ 5 օր անց, Տարոն Մարգարյանը որոշեց պարզաբանումներ տալ:

Ըստ նրա ստացվում է, որ ուղեվարձի բարձրացման նպատակն է տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովումը և այն շահագործելու համար անհրաժեշտ ծախսերը ծածկելը: «Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում»,- ասել է նա:

Հարց. եթե ուղեվարձի բարձրացումը, ինչպես պնդում են որոշ պաշտոնյաներ, վաղուց էր նախատեսվում, ապա ինչո՞ւ նախապես չի մշակվել արտոնությունների համակարգը: Հազիվ թե «տրանսպորտային ճակատագարի տերերը» վերջին երկու օրում իմացան Հայաստանում անապահով շերտերի առկայության մասին:

Հաջորդը. «Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել»,- ասել է Մարգարյանը:

Ինչպես հիշում եք, տառացիորեն հաջորդ օրը քաղաքապետը ներկայացրեց հաշվարկներն ամսական կտրվածքով, համաձայն որոնց, պարզվում է, որ մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը միկրոավոտբուսով կազմում է 144.9 դրամ, ավտոբուսով՝ 157,3 դրամ: Զարմանալի է, որ ըստ քաղաքապետարանի հաշվարկների ամեն ամիս տրանսպորտային միջոցներում նոր շարժիչներ են փոխվում, մեծ քանակի պահեստամասերի կարիք է զգացվում: Ոչ այնքան բարդ հաշվարկների միջոցով լրագրողները եկան այն համոզման, որ միկրոավտոբուսով մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը կազմում է 94,2 դրամ, ավտոբուսով՝ 124,5 դրամ: Բայց այս թվաբանությունը թողնենք պաշտոնյաներին, թեև դժվարությամբ կարելի է հավատալ, որ այսքան ժամանակ գծատերերեը վնասով են աշխատել՝ առաջնորդվելով զուտ մարդասիրական մոտեցումներով:

Իր հայտարարության մեջ Մարգարյանն ասում է, թե «պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես՝ երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը»: Արդեն բազմիցս փորձված է: Ինչպես երթևեկում էին կանգնած միկրոավտոբուսներում «շախմատի ձիու» կեցվածքով, այնպես էլ շարունակում են երթևեկել: Իսկ ի՞նչ անի ուղևորը: Պետք է հասնել աշխատանքի կամ ուսման, իսկ հետո տուն:

Եվս մեկ մեջբերում: «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,-ասել է քաղաքապետը: Այստեղ ուղղակի կարելի է լռել: Բարդ չէ ենթադրել, թե իրականում ում են պատկանում այդ ընկերությունները:

Իրականում զարմացրեց և ուրախացրեց երևանցիների համերաշխությունն այս հարցում: Եվ այդ համերաշխությունն ու համախմբվածությունը հավանաբար մտահոգել է իշխանություններին: Չէ որ ժողովուրդը լռեց, երբ բարձրացրեցին գազի սակագինը, էլեկտրաէներգիայի, երբ թանկացան և շարունակում են թանկանալ առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում նաև հացը: Այն ժամանակ «անցավ»: Սակայն տրանսպորտի ուղեվարձի «ավելորդ» 50 դրամի դեպքում «չանցավ»: Եվ դա կարող է նախադեպ դառնալ: «Հայաստանում ձևավորվում է հզոր քաղաքացիական հասարակություն, և մենք պետք է հաշվի առնենք դա պետական որոշումներ կայացնելիս»,-ասել է այսօր կառավարության նիստում վարչապետը:

Հավատացեք, սա արդեն մեծ առաջընթաց է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---