Ակտիվիստները չեն նահանջում. Որպես փոխհատուցում կպահանջեն 5 օր երթևեկել 50 դրամով

Ակտիվիստները չեն նահանջում. Որպես փոխհատուցում կպահանջեն 5 օր երթևեկել 50 դրամով

PanARMENIAN.Net - Չնայած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հայտարարեց, որ կասեցնում է ուղեվարձի թանկացծամն մասին իր որոշումը, «Վճարում ենք 100 դրամ»քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է այսօր՝ ժամը 12:00-ին, կրկին բողոքի ակցիա անցկացնել քաղաքապետարանի դիմաց: Ակտիվիստները հայտարարություն են տարածել, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները.

«Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

-Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:

-Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ երեկվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:

-Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:

-Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:

-Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:

Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելաման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝

-Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:

-Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:

-Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:

-Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:

Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---