Հայաստան է ներկրվել շուրջ 300 բելառուսական տրակտոր

Հայաստան  է ներկրվել  շուրջ 300 բելառուսական տրակտոր

PanARMENIAN.Net - Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---