Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի պետ. Ապագա հրամանատարները պիտի արագ կողմնորոշվեն արտակարգ իրավիճակներում

Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի պետ. Ապագա հրամանատարները  պիտի արագ կողմնորոշվեն արտակարգ իրավիճակներում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունները համատեղ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացրել են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Նպատակներն էին կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները:

Մտահղացման համաձայն` հրդեհ էր բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Ինստիտուտի հրդեհաշիջման խմբի կողմից ձեռնարկվել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը շարունակում էր տարածվել շենքում, որտեղ մարդիկ էին արգելափակվել: Հրդեհից և ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել էին հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կային «տուժածներ»։

Ուսումնավարժության ավարտին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշել է, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը միշտ գտնվել է բարձր մակարդակի վրա և նման կարևոր միջոցառումները շարունակական են լինելու։

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, ընդգծել է, որ իրենց կրթօջախի սաների զգալի մասն ապագա հրամանատարներ են, որոնք ծառայության ընթացքում պիտի կարողանան արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում. «Բարձր եմ գնահատում հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները և հուսով եմ, որ նրանք իրենք փորձն ու գիտելիքները կփոխանցեն զինվորներին։ Շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ ղեկավարությանը` արդյունավետ համագործակցության համար»։

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին շնորհվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ։ Ուսումնավարժությանն ակտիվ մասնակցության համար ինստիտուտի աշխատակիցներին և ուսանողներին հանձնվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր։ Հրշեջ-փրկարարներին ու Երևանի փրկարարական վարչությանը պատվոգրեր է հանձնել ռազմական ինստիտուտի պետ Մ. Կարապետյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---