Արդեն 7 տարի ձգվող Քոբայրի վանքի վերակառուցումն ու տարեկան 17 մլն դրամը

Արդեն 7 տարի ձգվող Քոբայրի վանքի վերակառուցումն ու տարեկան 17 մլն դրամը

PanARMENIAN.Net - Հայաստանը տարատեսակ բողոքողների երկիր է եղել... երևի` միշտ: Ամենաընդունված բողոքելու ձևերն «ուղղակին» է, կամ «օդումը»` «երգիրը երգիր չի», «ֆուտբոլը մերը չի», «Ռուսաստանը էլի խաբելա», «օֆ~, էս չինացիներն էլ հեսա դառնում են 2 մլրդ»: Ոչ պակաս ընդունվածերից է նաև ուղղորդված ուղղակին «Հյուսիսայինը հիմարություն է՝ քանդենք», «կառավարությունը լավը չի՝ լուծարենք», «կինոն կինո չի, այ որ ինձ էդքան փող տային…», «Գարիկ Մարտիրոսյանն էլ մասոն է, ինձ էլ էդքան առաջ բրդեին եվրեյները, ես էլ էդքան կդառնայի»: Այս երկու ձևից հետո մնացածը շատ քիչ են հանդիպում: Օրինակ, կոնստրուկտիվ բողոք կամ արդյունավետ բողոք, տեղ հասնող, կամ, օրինակ, ռելա բողոք. խոսքը կգնա վերջինի մասին:

Երևանից մոտ 160 կմ հեռավորության վրա՝ Ալավերդի չհասած, գտնվում է Քոբայրի վանքը: Համացանցը տեղեկացնում է՝ այն «հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը»: Ով կկասկածեր, որ հանդիսացել է… Չնայած, անգամ եթե չհանդիսանար, միայն որմնանկարների համար պետք էր այդ վանքը տեսնել, ինչը և ես որոշեցի անել այս կիրակի:

Քշեցինք, քշեցինք… հասանք մի նշանի, որը հուշում էր՝ այստեղ կանգնեցրու մեքենադ և ոտքով բարձրացիր: Հնազանդվելով՝ մեքենան կանգրեցրինք ու սկսեցինք բարձրանալ: Սկզբում սահող բետոնե դիք էր, առանց բռնվելու որևէ տեղի, հետո՝ տներ, որտեղ պետք էր սպասել այնքան, մինչև ապրողները դուրս գայն ու ասեին՝ այս ինչ տան կողքից է մուտքը: Հետո էլի ցեխոտ ու անանցանելի արահետներ էին ու վերջ չունեցող զառիթափ: Այդ ամենը հաղթահարեցինք մոտ 20 րոպեում, մեկ ու մեջ սայթակելով՝ քերծվելով ու անիծելով վանքն այսքան բարձր վայրում սարքողներին: Մեկ էլ հեռվում հանկարծ սկսեց երևալ, ավելի շուտ՝ թվաց, որ վանք է, բայց դա պարզապես մի մասն է: Մյուսը գտնվում էր ավելի ձախ, բայց քանի որ ցուցանակ չկար և ծառերը փակում էին, վանքի տակի կամարով դեպի աջ ճանապարհ կար: Մի խոսքով, մոտ 15-20 րոպե ևս ման գալուց հետո տեսանք որմնանկարները, վերջում շատ դժվարությամբ գտանք, որովհետև գնացել էինք աջ, բարձրացել չափազանց վերև, որտեղից էլ երևում էր ձախ կողմի վանքի մնացած մասը: Երևի ավելի լավ էր չգտնվեինք՝ կողքը խոզեր էին արածում, շուրջբոլորը՝ աղբ… Չնայած այդ ամենին՝ հիացանք որմնանկարներով, ինչպես նաև վանքով: Վերադարձանք Երևան:

Ճանապարին մտածում էի՝ ի՞նչ տուրիզմ, երբ տուրիստին սահմանափակում են Գառնիգեղարդով™՝ մտածելով, որ բոլոր տուրիստներն ակտիվ, չսայթակող կոշիկներով լեռնագնացներ են: Կամ մի՞թե դժվար կլիներ 2-3 տեղ ցուցանակ ամրացնել, որոնք կհուշեին՝ գնա «ձախ», կամ թեքվել «աջ», կամ գոնե գրված լիներ «սա Քոբայրի վանքն է, որը կառուցվել է…»

Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից: Պարզվեց, որ վանքն արդեն 7-րդ տարին է՝ վերակառուցում են, որոնցից վերջին 3 տարին միայն զանգակատան վերակառուցմամբ են զբաղված: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ 7 տարվա ընթացքում շատերը մի ամբողջ եկեղեցի են կառուցում, իսկ կառուցված եկեղեցին այդ նույն ժամանակահատվածում վերակառուցել չի հաջողվում: Ի դեպ, ինչպես պարզվեց՝ միայն այս տարի Քոբայրի վանքի զանգակատան վերակառուցմանը պետ.բյուջեից 17 մլն դրամ է հատկացվել, շինարարությունը կավարտվի հաջորդ տարի, բայց թե երբ կվերջանա ամբողջ վանքի վերակառուցումը՝ հայտնի չէ:

17.000.000… Ըստ ձեզ՝ ինչքա՞ն կարժենա 2-3 երկաթե ցուցանակը՝ 100 կամ 200 հազար դրա՞մ: Իսկ տեղի քարերով ամենավտանգավոր մասերում աստիճաններ կառուցե՞լը. 50 հազար դրամով հնարավոր չէ՞ր գործը գլուխ բերել:

Փոխարենը, փաստորեն, պիտի սպասենք այնքան, մինչև վերակառուցումն ավարտվի, հետո նոր կմտածենք էսթետիկ կողմի մասին: Իսկ միգուցե երեխանե՞րս էլ սայթակելով գնան այդ վանքը տեսնելու: Այդ պատճառով էլ պաշտոնապես խոստանում ենք՝ եթե մշակույթի նախարարությունն ու կոնկրետ այդ հարցով զբաղվող բաժինը մոտակա տարվա ընթացքում համապատասխան ցուցանակներ չտեղադրի ու չբարեկարգի արահետը, ապա հաջորդ տարի դա կանի PanARMENIAN.Net ը՝ այսպիսով իր լուման ներդելով տուրիզմի զարգացման ու վանքի վերակառուցման աշխատանքներում:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---