Գագիկ Բեգլարյանի և Հռոմի պապի հրաժարականի պահանջ մեկ ասուլիսի ժամանակ

Գագիկ Բեգլարյանի և Հռոմի պապի հրաժարականի պահանջ մեկ ասուլիսի ժամանակ

PanARMENIAN.Net - Տրանսպորտի ոլորտը կոլապսի մեջ է և դրա միակ պատասխանատուն Տրանսպորտի և կապի նախարարությունն է: Եվ նախարար Գագիկ Բեգլարյանը: Կարծիքը «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ իրավիճակը շտկելու մեխանիզմներ ունի միայն այս կառույցը, որովհետև ոլորտը կարգավորվում է Կառավարության 2001թ. ընդունած հայեցակարգով, «որը մասնավորին տրամադրեց գծերը՝ փոխադրումներն իրականացնելու համար, իսկ համայնքները կիրառում են կառավարության որոշումը։ Այնպես որ որոշումը գալիս է նախարարությունից, իսկ Տարոն Մարգարյանն ընդհանրապես օրենք չի կարող մշակել»:

«Իհարկե իրենց մեղքի բաժինն ունեն նաև քաղաքապետարանը և Նավասարդյան Հենրիկը, բայց հիմնական պատասխանատուն Բեգլարյանն է», - ավելացրեց Դոստուրյանն ու նշեց, որ նախարարը ոչինչ չի ձեռնարկում, անմեղի դիրք է բռնում: Նշվածին միացան ասուլիսին ներկա վարորդներն ու բոլորը միասին պահանջեցին Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Այս պահանջով նրանք օգոստոսի 16-ին ավտոերթ են կազմակերպելու:

«Կարող էին գոնե հանձնաժողով ստեղծել, միջազգային փորձն ուսումնասիրել, 100 դրամը կարող է անփոփոխ մնալ, դեռ ոլորտում էլ իրական բարեփոխումներ կատարվեն, բայց 2 ամիս անարդյունք քայլեր կանեն ու 2 ամսից կհայտարարեն, որ ուղեվարձը նորից 100 դրամ է: Իսկ կարմիր գծանշանները, դեղին-սպիտակ պետհամարանիշերը: Վարորդն աշխատում է, որ տուգանք վճարի», - ասաց վարորդներից Սարգիս Մաճկալյանը:

Ասուլիսին ներկա «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, տրանսպորտի ոլորտում ստեղծված վիճակի առաջին մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է: «Անգործության, անտեղյակության իրենց պարտականությունները սկզբունքորեն չկատարելու, ոչ թե հասարակության, այլ ուրիշի շահերը պաշտպանելու պատճառով է այսօրվա իրականությունը», - ասաց նա ու նշեց, որ երկրորդ մեղավորը Երևանի ավագանին է, որին պետք է անվստահություն հայտարարվի, որովհետև ինչ որոշում կայացրել են` երևանցիների դեմ է եղել:

Իսկ Գագիկ Բեգլարյանի մեղավորության և հրաժարականի պահանջի մասին Հովհաննիսյանն ավելացրեց. «Ես էլ Հռոմի պապի հրաժարականն եմ պահանջում»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---