ՊՆ. Մտահոգիչ է, որ ԿԽՄԿ պես մանդատ և հեղինակություն վայելող կառույցին դեռ չի հաջողվում այցելել հայ գերուն

ՊՆ. Մտահոգիչ է, որ ԿԽՄԿ պես մանդատ և հեղինակություն վայելող կառույցին դեռ չի հաջողվում այցելել հայ գերուն

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել oգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար շփման գիծը հատած և հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և հավելում, որ իրավիճակը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում ՊՆ-ն առնվազն մտահոգիչ է համարում:

Տարածված հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ավելին, «haqqin.az» կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացու` ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը: Տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ: Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել:

Բացի այդ, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---