ԱՄՆ նախագահը պետք է համոզի ոչ միայն Կոնգրեսին, այլև սեփական ժողովրդին

ԱՄՆ նախագահը պետք է համոզի ոչ միայն Կոնգրեսին, այլև սեփական ժողովրդին

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՄՆ միայն 22 սենատորներ ու 19 կոնգրեսականներ են սատարում Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ Բարաք Օբամայի բանաձևին: Համաձայն ԶԼՄ-ների, Սենատում ներխուժմանը դեմ են 12 սենատոր, հակված են դեմ քվեարկելու 10-ը, չեն կողմնորոշվել՝ 56-ը, իսկ ներխուժմանը կողմ է 22 սենատոր: Ներկայացուցիչների պալատ՝ ներխուժմանը դեմ է 83 կոնգրեսական, հակված է դեմ քվեարկել 91-ը, չեն կողմնորոշվել՝ 103-ը, կողմ են՝ 19-ը:

Չեն ցանկանում պատերազմել Սիրիայի հետ նաև ամերիկացիները: Ինչպես ցույց տվեց The Washington Post և ABC News հարցումը, ամերիկացիների 59 տոկոսը դեմ է Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածներին, կողմ է 36 տոկոսը: Հարցումը նաև ցույց տվեց, որ Սիրիային հարված հասցնելու կողմնակիցների թիվը աճել է՝ 36-ից հասնելով 46 տոկոսի, եթե Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան մասնակցեն:

Ըստ Pew Research Center-ի հանրային կարծիքի հետազոտման, Սիրիայի դեմ ավիահարվածներին դեմ է հանդես եկել հարցվածների 48 տոկոսը, կամ՝ 29-ը:

74 տոկոսը գտնում է, որ գործողությունը Սիրիայում կնպաստի հակաամերիկյան տրամադրությունների տարածմանը, այն դեպքում, երբ 61 տոկոսը գտնում է, որ ավիահարվածները կհանգեցնեն հակամարտության մեջ ԱՄՆ-ի երկարաժամկետ ներգրավմանը:

Երկու հարցումներին մասնակցել է մոտ 1000 մարդ՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն, մինչ նախագահ Օբաման ու նրա վարչակազմի ներկայացուցիչները նոր հայտարարություններ արեցին ավիահարվածների անհրաժեշտության մասին: Եթե հավելենք Օբամայի համար անմխիթար թվերին խաղաղության Նոբելյան մրցանակակրի ձախողված արտաքին ու ներքին քաղաքականությունը, ապա ստացվում է, որ Օբաման փակուղի է տանում ոչ միայն իրեն, այլև ԱՄՆ-ին: Ճիշտ է, դեռ ԱՄՆ ոչ մի նախագահ, որը պատերազմ է սկսել, չի դիմել Կոնգրեսին հավանության համար: Նախագահ Ռուզվելտը պատերազմ հայտարարեց Ճապոնիային 1941թ. և Գերմանիային 1939թ.: Հարի Թրումենը պատերազմեց Կորեայում, Ռեյգանը՝ Լիբիայում և Գրենադայում, Բուշ ավագը՝ Պանամայում, Քլինթոնը՝ Սուդանում ու Աֆղանստանում, Հաիթիում, ռմբակոծեց Կոսովոն, Բուշ կրտսերը ներխուժեց Իրաք, իսկ Օբաման հասցրեց պատերազմել Լիբիայում:

Ակնհայտ է, որ Օբաման ցանկանում է կիսել քաղաքական պատասխանատվությունը Սիրիա ներխուժման համար Կոնգրեսի հետ: Բայց թե ինչ կտա դա՝ պարզ կլինի 4 օրից: Այս ամբողջ պատմության մեջ կա մեկ խորհրդանշական պահ՝ հրթիռային ու ավիահարվածը կարող է հասցվել սեպտեմբերի 11-ին, այսպիսով ներկա նախագահը նման յուրօրինակ կերպով «կնշի» ԱՀԿ փլուզման 12-րդ տարելիցը:

Մինչդեռ համաշխարհային հանրությունը, որի վրա հղում է անում ԱՄՆ նախագահը, գնալով ավելի է հակվում հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ կոչ անելով որքան հնարավոր շուտ գումարել «Ժնև-2» խորհրդաժողովը: Սակայն, հենց դա է հարկավոր սիրիացի ապստամբներին, որոնց հակված է հետևելու նախագահ Օբաման, չգիտես՝ ելնելով վախից, թե այլ պատճառներից: Գնալով հաճախ են հնչում կարծիքներ, որ Ասադին ամենևին հարկավոր չէր քիմիական զենք կիրառել, սակայն ամեն ինչ բախվում է Օբամայի «երկաթե տրամաբանությանը», որը, կարծես, արդեն ոչ ոքի չի լսում: Եվ Կոնգրեսի հավանությունն էլ նրան պետք չէ, նա ռմբակոծելու է Սիրիան: Միակ բանը, ինչը կարող է կանգնեցնել ԱՄՆ նախագահին, դա ԱՄՆ դեմ միջուկային հարվածի վախն է, որը միանգամայն հնարավոր է: Գրոհայինները կտիրեն Դամասկոսի մոտ գտնվող բժշկական կենտրոնի ռադիոակտիվ նյութերին և ամբողջ աշխարհը, ներառյալ Ամերիկան, կհայտնվի միջուկային պատերազմի քաոսում: Ճիշտ է, դա ծայրահեղ սցենարն է, բայց միանգամայն հնարավոր:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---