6 սեպտեմբերի 2013 - 11:37 AMT
Պան Գի Մուն. Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում G20 գագաթաժողովին, նա ասել է, որ զենքի նոր խմբաքանակների առաքումը հակամարտության կողմերից որևէ մեկին անթույլատրելի է:

Միևնույն ժամանակ Պան Գի Մունը հայտարարել է, որ ցանկացած պատասխան Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանը պետք է լինի ՄԱԿ կանոնդարության շրջանակներում և առաջարկել է շտապ գումարել երկրորդ խորհրդաժողովը Ժնևում, նվիրված սիրիական հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Սիրիայի հարցի լուծումը ՄԱԿ միջոցով անհնար է Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Սամանտա Փաուերը, հայտարարեց, որ Ռուսաստանը, հանդես գալով Սիրիայում ռազմական գործողության դեմ, «պատանդ է պահում» ՄԱԿ ԱԽ-ին և խուսափում է իր միջազգային պարտավորությունները կատարելուց, որոնք նախատեսում են խոչընդոտել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը:

Միջազգային վեճերի բորբոքումը Սիրիայի հարցի շուրջ սկիզբ առավ օգոստոսի 21-ից հետո, երբ Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Գուտայում, շուրջ 1400 մարդ զոհվեց: Ըստ սիրիացի ապստամբների, կառավարական զորքերը Գուտայում քիմիական գրոհ են իրականացրել: Այդ վարկածին կողմ է նաև ԱՄՆ-ն: Իր հերթին պաշտոնական Դամասկոսը կատարվածի համար մեղադրում է ապստամբներին: ՄԱԿ հանձնախումբը, որը գտնվում է պատահարի վայրում, դեռ չի հրապարակել իր եզրակացությունները:

ԱՄՆ-ն մտադիր է հրթիռային և ավիահարված հասցնել Սիրիային՝ շրջանցելով ՄԱԿ ԱԽ: Օգոստոսի 30-ին Բարաք Օբաման ներկայացրեց բանաձևը Կոնգրեսին: Այսօրվա դրությամբ բանաձևին կողմ են արտահայտվել 22 սենատորներ, դեմ՝ 19-ը: