ԿԲ կառավարիչների ակումբի անդամները ժամանել են Երևան՝ նշելու հայկական դրամի 20-ամյակը

ԿԲ կառավարիչների ակումբի անդամները ժամանել են Երևան՝ նշելու հայկական դրամի 20-ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական կամ ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի կրթահետազոտական նորաբաց կենտրոնում:

Հանդիպման խորագիրն է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ»:

Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և «Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը:

Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաև Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաև ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով:

«Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները նաև անդամ երկրներին, ժողովուրդների պատմությանը, մշակույթին ծանոթանալու լավ հնարավորություն են, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Կենտրոնական բանկերի ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև նշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումն և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:

Դրամը Հայաստանի արժույթն է: 1 դրամը հավասար է 100 լումայի: Դրամ անվանումը սերում է հունական դրահմա մետաղադրամի անվանումից: Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Հայկական դրամը շրջանառության մեջ մտավ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 14,5 դրամ փոխարժեքով, իսկ լողացող փոխարժեքի անցնելուց հետո տարեվերջին այն գրեթե հինգ անգամ կրկնապատկվեց և կազմեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե 75 դրամ: Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

Կարևորելով դրամավարկային, ֆինանսական և բանկային ինստիտուտների դերը ֆինանսական կայունության ապահովման և տնտեսությունների արագ զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների միջև անդամ պետությունների փոխշահավետ գործակցության բարելավման գործում, 1997 թ-ին Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների առաջին հանդիպմանը որոշվեց հիմնել Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբ:

Ակումբի ստեղծումն ամրագրվել է Արձանագրությամբ և ստորագրվել 1998 թ. մայիսի 1-ին՝ 14 մասնակից կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների կողմից: Հետագայում Ակումբը համալրվել է նոր անդամներով, մասնակիցների ընդհանուր թիվը դարձել 20: 2010 թ-ին Ակումբին անդամակցեց նաև Չինաստանի ժողովրդական բանկը և Արձանագրությունը թարմացվեց նոր անդամների ստորագրություններով:

Ակումբի ստեղծման նպատակներն են` ամրապնդել Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունները, ընդլայնել և խորացնել գործակցությունը ավելի արդյունավետ համակարգել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական և բանկային ոլորտների առկա խնդիրները ապահովել տնտեսական և ֆինանսական հավաստի տվյալների և տեղեկատվության հոսքերի արագ փոխանակում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---