16 սեպտեմբերի 2013 - 12:41 AMT
Թուրքերը պահանջում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը

Ստամբուլում հինգերորդ օրն է չեն դադարում բողոքի ցույցերը: Փողոցային անկարգությունները կասեցնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է օգտագործել: Սակայն հակակառավարական կարգախոսները գնալով ավելի բարձր են հնչում, փողոցներում խարույկներ են վառել: Ժողովրդական ցասման նոր ալիքի պատճառ է դարձել ցուցարարներից մեկի մահը: Ըստ տեղի դիտորդների, անկարգություններն առաջին հերթին բոլոր մարգինալ խմբերի հայելային արտացոլումն են: Երկրորդը՝ լեգիտիմ ընդդիմություն ձևավորելու ու խոսքի ազատության ձգտում է, ժողովուրդը պահանջում է տարակարծությունը հայտնելու իր իրավունքը: Սոցիալական տեսակետից դա Թուրքիայում նոր ֆենոմեն է, հայտնում է euronews-ը:

Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջները հնչում են Անկարայի կենտրոնում, իսկ մայրաքաղաքի Մամակ շրջանում բնակիչները դեմ են այդ վայրում մզկիթի ու կրոնական համալիրի կառուցմանը:

Ոստիկանության ուժերը կուտակվել են քաղաքի կենտրոնում: Ոչ միայն Անկարայում, այլև Իզմիրում ու Անթաքիայում ուժային կառույցները ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ, կան տուժածներ: Ստամբուլի կենտրոնում, որը դարձել է բողոքների այս ակցիայի էպիկենտրոնը, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: ԶԼՄ-ները հայտնում են, որ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Հունիսին Թաքսիմ հրապարակում նույնպես ցույցեր էին Գեզի պուրակի ծառերի հատման դեմ: