ԱՄՆ նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում: Ըստ Reuters գործակալության, Օբաման հերթական անգամ հայտարարել է, որ «Ամերիկան հասնելու է նրան, որ Ասադը հեռանա Սիրիայի քաղաքական ասպարեզից»: Պատճառը, որի հիման վրա Ասադը պետք է հեռանա, ուղղակի ծիծաղելի է: Օբաման գտնում է, որ Ասադը պետք է պաշտոնանկ արվի, որպեսզի երկիրը չկառավարեն ծայրահեղական իսլամիստները: Դժվար թե Օբաման տեղյակ չէ, որ հենց ծայրահեղական իսլամիստներն են քաղաքացիական պատերազմ սանձազերծել Սիրիայում, և որ Ասադն ալևի է, ուստի ոչ մի կապ չունի սունիների ծայրահեղական խմբավորումների, ինչպես նաև Հեզբոլլահի հետ: Գուցե ԱՄՆ-ի համար այս ամենը մանրուք է, և գլխավորն այն է, որ Սիրիայի կերպարը ներկայացվի որպես չարիքի մարմնացում: Բայց այդ համեմատությունը ակնհայտորեն չի գործում՝ նույնը կլիներ, եթե Հռոմի պապին աթեիստ հայտարարեին:

Հասկանալի է, որ պետության ղեկավարը պարտավոր չէ գլուխ հանել բոլոր կրոնական ուղղություններից, բայց դրա համար գոյություն ունեն խորհրդականներ: Թվում է, թե Օբամայի խորհրդականները ևս նույն կերպ են մտածում: Ընդ որում, այս ընթացքում ԱՄՆ-ն ոչ մի անգամ չհիշեց այն հազարավոր քրիստոնյաների մասին, որոնք տուժեցին քաղաքացիական պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայի տարածքումհենց ծայրահեղական իսլամիստների կողմից հինավուրց քրիստոնեական հուշարձանների ավերման մասին: Այդ գործում աչքի ընկավ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումը, որը համարվում է «Ալ Քայիդայի» ստորաբաժանումներից մեկը, և հայտնի է իր դաժան վերաբերմունքով ոչ միայն քրիստոնյաների հանդեպ, այլև այլ խմբավորումների: Այս կազմավորումն է, որ մտադիր է խալիֆայություն ստեղծել Մերձավոր Արևելքում և կառավարել շարիաթի օրենքներով՝ տապալելով Ասադին իր աշխարհիկ կառավարմամբ:

Ճիշտ է՝ Օբաման իրեն հավատարիմ մնաց ու նորից խոսեց Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Մինչդեռ, բրիտանացի փորձագետները հայտարարել էին, որ ապացույցներ չկան, որ հենց կառավարական զորքերն են քիմիական զենք կիրառել, ինչը չես ասի Իսրայելի ու Ֆրանսիայի դեպքում:

«ՄԱԿ զեկույցի տվյալների հիման վրա անկախ փորձագետների կազմած քարտեզներից երևում է, որ հրթիռները արձակվել են Քասուն քաղաքի Հանրապետական գվարդիայի 104-րդ բրիգադի ռազմակայանից: 104-րդ բրիգադը մտնում է Մահեր Ասադի հրամանատարությամբ գործող 4-րդ դիվիզիայի մեջ»,- գտնում են Իսրայելում: Ընդ որում նման հաղորդագրությունների վրա հղումը սովորաբար ուղեկցվում է «անհայտ աղբյուրներ» նշագրումով, ինչն արդեն իսկ կասկածելի է: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այս դեպքում ամեն ինչ պարզ է՝ չնայած Մեծ Բրիտանիայի փոխարեն ԱՄՆ-ի կողքին տեղ գրավելու Ֆրանսուա Օլանդի փորձերին, Փարիզին դա չհաջողվեց, ինչը սենսացիա չես անվանի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---