Հայաստանը հետ չի մնում ցորենի բերքի աճի համաշխարհային միտումներից

Հայաստանը հետ չի մնում ցորենի բերքի աճի համաշխարհային միտումներից

PanARMENIAN.Net - Ընթացիկ գյուղատնտեսական տարում (2013 թ. օգոստոսի 1-ից 2014 թ. հուլիսի 31-ը) ցորենի բերքը համաշխարհային մասշտաբով կհասնի 686,9 մլն մետրիկ տոննայի: Այդ մասին հայտարարել է Ցորենի միջազգային խորհուրդը (ՑՄԽ), այդպիսով վերանայելով նախորդ կանխատեսումը, որն արվել էր անցած հուլիսին՝ 3,8 մլն տոննա բարձրացման միտումով: Նախորդ գյուղատնտեսական տարում աշխարհում հավաքվել է 653,6 մլն տոննա ցորեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ցորենի միջազգային խորհուրդի մասնագետները նշում են, որ ցորենի բերքը Եվրամիությունում, Հնդկաստանում ու ԱՄՆ-ում մեկնարկած տարում ավելին կլինի, քան կանխատեսվում էր: Սակայն Չինաստանն, ըստ վերլուծաբանների, այդ ընթացքում կհավաքի 118 մլն տոննա ցորեն՝ նախորդ տարվա 120,6 մլն տոննայի փոխարեն: Արդյունքում, ակնկալվում է, որ Չինաստանը ստիպված կլինի առաջիկա ամիսներին գնել 7 մլն տոննա ցորեն՝ բավարարելու համար իր պահանջարկը: Անցյալ տարի Չինաստանը ներմուծել է 3,5 մլն տոննա ցորեն:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ գյուղատնտեսական տարում աշխարհում կհավաքվի 1,92 մլրդ մետրիկ տոննա հացահատիկ, չհաշված բրինձը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 1,79 մլրդ տոննա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարի երկրում հավաքվել է ցորենի բարձր բերք: Եթե անցյալ տարի հանրապետության մասշտաբներով 1 հեկտարից ստացվել էր 27,6 ցենտներ բերք, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում 32 ցենտներ:

Դա ՀՀ կառավարության սերմնաբուծության զարգացման նպատակային ծրագրի արդյունքն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2010-2014 թթ. ցորենի սերմերի ներկրում , ինչը 2014-ին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորենի առկայություն, որը հետագայում կբաժանվի ֆերմերներին:

Ըստ ՀՀ գյուղնախարարության, տարվա ավարտին հանրապետությունում ակնկալվում էր 305-310 հազար տոննա ցորենի բերք: Ցորենի արտադրության ծավալը Հայաստանում 2012 թ. կազմել է շուրջ 240 հազար տոննա:

Ըստ կանխատեսման, հանրապետությունում ակնկալվում է հատիկավորների բերքի աճ՝ 530-537 հազար տոննա: Տարեկան Հայաստանում օգտագործում են 650-720 հազար տոննա հացահատիկայիններ, որից սննդի նպատակով՝ 435-450 հազար տոննա: Պակասուրդը համալրվում է ներմուծման հաշվին, որի ծավալները վերջին 5 տարում տարեկան կազմել են 380-420 հազար տոննա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---