10  21.09.13 - Ընդունելություն, նվիրված ՀՀ անկախության 22-ամյակին

Պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին՝ կարող մարդիկ. Սերժ Սարգսյան

Պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին՝ կարող մարդիկ. Սերժ Սարգսյան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոն ու Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը շնորհավորել են Հայաստանի ու հայ ժողովրդի տոնը՝ Անկախության օրը:

Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասել է. «Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր:

Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական»:

Գարեգին Բ-ն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ պիտի շարունակենք «հետևողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը»:

«Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական խոսքն ասել է այսօր` Եռաբլուր պանթեոնում՝ հիշեցնելով, որ այս տոնը մեր ժողովրդի համար ամենաթանկն է։

«Անկախության տոնը բնութագրում է հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, ազատական տենչը: Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը: Ստեղծել ենք անկախություն, որը պետք է այսպես փայփայել և պատշաճ կերպով փոխանցել մեր մատաղ սերնդին, նաև հետագա սերունդներին»,- նշել է նախարարը։

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանն անկախ պետություն ճանաչելու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսն այդ հարցին դրական պատասխան տվեցին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---