Եգիպտոսի դատարանն արգելել է «Մահմեդական եղբայրների» գործունեությունը

Եգիպտոսի դատարանն արգելել է «Մահմեդական եղբայրների» գործունեությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 23-ին որոշել է արգելել «Մահմեդական եղբայրների» գործունեությունը, հայտնել է «Ալ Արաբիան»: Ըստ հեռուստաալիքի, երկրի կառավարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Դեռ սեպտեմբերի սկզբին «Ալ Աքբար» թերթում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եգիպտոսի կառավարությունը որոշել է լուծարել «Մահմեդական եղբայրներ» շարժումը և արգելել նրա գործունեությունը, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց:

«Մահմեդական եղբայրների» անդամների ձերբակալությունները սկսվեցին ռազմական հեղաշրջման արդյունքում նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Ինքը Մուրսին, ինչպես և «Մահմեդական եղբայրների» առաջնորդները, հայտնվեց Կահիրեի բանտում: Նրան մեղադրում են ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու և 2011 թ. բանտից փախուստի համար:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» Եգիպտոսում օրենքից դուր են եղել, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո աշխարհին ներկայացան որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մոհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012 թվականին, Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել երկրի տնտեսությունն ու փորձեց շարիաթի օրենքներ սահմանել երկրում: 2013 թվականի հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, դժգոհ լինելով իսլամիստների կառավարումից, 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի հրաժարականի պահանջով: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Մոհամմեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար, հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը:

Մեղադրանքները վերաբերում են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումներին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց:

Նույն մեղադրանքներով դատարանի առջև կկանգնի «Մահմեդական եղբայրներ» շարժման ևս 14 անդամ: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---