ՄԱԿ փորձագետները Սիրիա կվերադառնան սեպտեմբերի 25-ին

ՄԱԿ փորձագետները Սիրիա կվերադառնան սեպտեմբերի 25-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ փորձագետների խումբը շվեդացի պրոֆեսոր Օկե Սելստրյոմի գլխավորությամբ կմեկնի Դամասկոս սեպտեմբերի 25-ին, երեքշաբթի հայտնել է Պետդումայում Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մենք գոհ ենք, որ ՄԱԿ փորձագետներին Սիրիա վերադարձնելու մեր համառ կոչերը արդյունավետ եղան: Ըստ վերջին տվյալների, Սելստրյոմի խումբը մեկնում է Դամասկոս վաղը՝ սեպտեմբերի 25-ին»,-ասել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները զբաղվել են Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ի միջադեպի հետաքննությամբ, սակայն դեռ չեն ստուգվել ենթադրյալ քիմիական հարձակումները օգոստոսի 22-ին, 24-ին և 25-ին: Ռուսական կողմը նախկինում հայտարարել է, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը լիարժեք չէ, քանի որ հաշվի չեն առնում քիմիական զենքի կիրառման մյուս հնարավոր դրվագները:

«Ինչ վերաբերում է Օկե Սելստրյոմի գլխավորած ՄԱԿ հանձնաժողովին, մենք ելնում ենք նրանից, որ այդ զեկույցը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Եզրակացությունները, որոնք արվել են հրապարակավ զեկույցը ներկայացնելուց հետո, լավ հիմնավորված չեն: Գուտայում կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման օգտին բերված բոլոր փաստարկների վերաբերյալ կարելի է առարկություններ բերել, ինչն էլ արվում է ամեն օր»,-ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:

Ըստ նրա, ինչպես տրամաբանության և սթափ մտածողության, այնպես էլ տեխնիկական տեսակետից «մեծ հարցականներ են առաջանում ԱՄՆ կողմից առաջ քաշվող փաստարկների համակարգի վերաբերյալ»: «Կաշխատենք այդ թեմայի շուրջ նաև առաջիկայում՝ հաշվի առնելով սիրիական կողմից ստացված տվյալները»,-հավելել է նա:

Փորձագետները ժամանել են Սիրիա օգոստոսի 18-ին ստուգելու համար հայտարարությունները Հան ալ Ասսալում, Շեյխ Մաքսուդում (Հալեպի գավառ) և Սարաքեբեում (Իդլիբ գավառ) քիմիական զենքի կիրառման մասին: Սակայն, երբ հաղորդագրություններ հայտնվեցին օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական հարձակման մասին, փորձագետները մեկնեցին այնտեղ, իսկ հետո մեկնեցին երկրից զեկույցը նախապատրաստելու համար: ՄԱԿ ներկայացված փաստաթղթում հաստատվում է, որ Դամասկոսի արվարձանում մարտական զենք է կիրառվել զարինի պարունակությամբ:

Ավելի վաղ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանելու պլանը: Սիրիայի կառավարությունը սեպտեմբերի 20-ին իր քիմիական զենքի մասին տվյալները ուղարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: .

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---