ԶԵԱԲ-ի հարցում. ՀՀ բնակչության 67 տոկոսը կողմ է երկրի անդամակցությանը Մաքսային միությանը

ԶԵԱԲ-ի հարցում. ՀՀ բնակչության 67 տոկոսը կողմ է երկրի անդամակցությանը Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Բելառուսում, Ղազախստանում ու Ռուսաստանում պահպանվում է Մաքսային միությանն (ՄՄ) ու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵՏԸ) անդամակցելու աջակցության բարձր մակարդակը՝ կազմելով համապատասխանաբար 65, 73 և 67 տոկոս: Դա բացահայտեց ԱՊՀ տարածքի երկրների բնակչության նախապատվությունների հետազոտման երկրորդ ալիքը եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտների վերաբերյալ: Հետազոտությունն անց է կացրել Զարգացման Եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը «Եվրասիական մոնիտոր» Միջազգային հետազոտական գործակալության հետ համատեղ: Հարցմանը մասնակցել են ԱՊՀ երկրների և Վրաստանի, ընդհանուր առմամբ 11 երկրների 14 հազար քաղաքացիներ՝ յուրաքանչյուր երկրում 1000-2000 մարդ:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի համեմատ հետազոտությունն արձանագրել է Մաքսային միությանն (ՄՄ) ու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵՏԸ) հավանության նվազում Ղազախստանում 7 տոկոսով և Ռուսաստանում 5 տոկոսով: Դա տեղի է ունեցել հիմնականում հարցման մասնակիցների այն մասի հաշվին, որոնք անտարբեր են այդ հարցում: Իսկ Բելառուսում բնակչության կողմից այդ միություններին մասնակցության հավանությունը աճել է 60 տոկոսից հասնելով 65 տոկոսի:

ՄՄ ու ԵՏԸ անդամ չհանդիսացող երկրներից այդ գաղափարը ամենամեծ աջակցությունը ստացել է Ուզբեկստանում՝ 77 տոսկոս, Տաջիկստանում ՝ 75 տոկոս, Ղրղզստանում՝ 72 տոկոս: Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը միանալու հասարակական աջակցության մակարդակը Հայաստանում կազմում է 67 %:

Հետաքրքիր է, որ այդ կառույցներին անդամակցելու գաղափարը բավականին աջակցություն է ստացել նաև Վրաստանում՝ 59 տոկոս, մեկ տարում կրկնպատկվելով: Հասարակական աջակցության նման մակարդակը հուշում է, որ նպատակահարմար է ակտիվացնել ՄՄ ինտեգրացիոն փոխգործակցությունը Վրաստանի հետ:

Ուկրաինայում և Մոլդովայում հասարակական աջակցությունը ՄՄ-ին կազմել է 50 և 54 տոկոս համապատասխանաբար: Ընդ որում այդ երկրներում աճել է նաև բացասական վերաբերմունքը ՄՄ-ին՝ Մոլդովայում 7-ից հասնելով 24 տոկոսի, իսկ Ուկրաինայում՝ 5-ից 28 տոկոսի:

Հետազոտության արդյունքների համաձայն, ՄՄ-ին եւ ԵՏԸ-ին միանալու հարցում հասարակական աջակցության մակարդակը Ադրբեջանում կազմում է 37 %: Ադրբեջանի բնակչությունն երկու ինտեգրացիոն գործընթացների հանդեպ բացասական վերաբերմունքի տեսանկյունից ռեկորդային ցուցանիշ (59%) է սահմանել:

Սակայն, բարձր գնահատելով ՄՄ-ն, հարցման մասնակիցները նաև անբարենպաստ միտումներ են արձանագրել ներդրումների, գիտատեխնիկական աջակցության և կրթության հարցերում:

Մասնավորապես, որպես օտարերկրյա կապիտալի առավել գրավիչ աղբյուր են ներկայանում այլ երկրները: Վրաստանի համար, օրինակ, այդ առումով գերակայություն է ԱՄՆ-ն՝ 60 տոկոս, Ուզբեկստանի համար Ճապոնիան՝ 62 տոկոս, Ադրբեջանի համար Թուրքիան՝ 56 տոկոս:

Նախկին ԽՍՀՄ երկրներից ներդրումներին նախապատվությունը տվել են Կենտրոնական Ասիայի երկրները: ԱՊՀ երկրների թվում առավել գրավչություն ունի Ռուսաստանը:

ԱՊՀ տարածաշրջանը պակաս մրցունակ է նաև կրթության ոլորտում: Առավել գրավիչ են կրթություն ստանալու տեսակետից ԵՄ երկրները՝ այդպես է կարծում հարցման մասնակիցների 58 տոկոսը Վրաստանում, 47 տոկոսը Հայաստանում, 45 տոկոսն Ուկրաինայում, 34 տոկոսը՝ Ռուսաստանում: Այդ ցուցանիշները գնալով աճում են:

Երեք գործոնների՝ էկոնոմիկայի, քաղաքականության, մշակույթի համադրությամբ գրավչության նախապատվելի ուղղությունը երկրների մեծ մասի համար հետխորհրդային տարածքն է, և այդ խմբում առանցքային գործոնը քաղաքականն է: 2013 թ. հետխորհրդային տարածքին է միտված 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի բնակչությունը:

Ռուսաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում առավել հաճախ են հանդիպում Եվրամիության նախապատվությունները: Ադրբեջանում նախապատվությունը տալիս են Թուրքիային: Ընդ որում, Ռուսաստանում և Ուկրաինայում, իսկ որոշ տվյալներով նաև Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում բավականին բարձր են ինքնավարության ցուցանիշները՝ «հակում չկա ոչ մի երկրի հանդեպ»:

ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանում ԶԵԱԲ-ի ֆինանսավորման ծավալը գերազանցում է 20 մլն դոլարը, բանկը Հայաստանում առաջին վարկը տրամադրել է 2010 թ.-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---