Կոմիտասի 144-ամյակն է (վիդեո)

Կոմիտասի 144-ամյակն է

PanARMENIAN.Net - 144 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ին, ծնվեց հայ մշակույթի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը՝ Կոմիտասը, ով ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է:

Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր ընտանիքում, որտեղ, այնուամենայնիվ, խոսում էին միայն թուրքերեն։ Դեռ մի տարեկան էր, երբ մայրը մահացավ, տաս տարեկանում՝ հայրը։ Մինչև 1881 թվականը Սողոմոնն ապրում էր իր տատի հետ, այնուհետև իրենց հայկական թեմի առաջնորդը եպիսկոպոս օծվելու համար գնաց Էջմիածին։ Կաթողիկոսն առաջնորդին պատվել էր իր հետ մեկ որբ երեխա բերել՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Այդ որբը դարձավ հենմց Սողոմոնը, ով իր երգով մեծ տպավորություն թողեց կաթողիկոսի վրա, ինչի հետևանքով էլ նրան ընտրեցին 20 թեկնածուներից։ 1890-ին նա դարձավ սարկավագ, 1893-ին՝ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, ստացավ աբեղայի աստիճան ու 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասին նշանակեցին երաժշտության ուսուցիչ։

Արդեն 1895-ին նա ստացավ վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնեց Թիֆլիս՝ սովորելու երաժշտական ուսումնարանում, բայց՝ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, փոխեց մտադրությունը ու սկսեց վերջինիս մոտ հարմոնիայի դասեր ուսումնասիրել։

Այնուհետև Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից, Կոմիտասը մեկնեց Բեռլին, որտեղ արձանագրվեց «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում։ 1899-ին նա վերադարձավ Էջմիածին և սկսեց ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Սկսեցին ճամփորդություններ երկրի բոլոր շրջաններ, գյուղեր, որտեղ վարդապետը ժողովրդական երգեր ու պարեր էր փնտրում։ Արդյունքում հավաքվեց մոտ 3000 երգ, որոնց մեծամասնությունը երգչախմբով երգելու համար էին։

Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև օրս էլ կատարում են եկեղեցու ծիսակատարությունում։ Դրա մշակումը նա սկսել էր 1892-ին, բայց այն այդպես էլ անավարտ մնաց՝ սկսեց Առաջին Համաշխարհայինը։ «Պատարագն» առաջին անգամ հրատարակվեց 1933-ին՝ Փարիզում, ձայնագրվեց 1988-ին՝ Երևանում։

Կոմիտասը դասախոսություններով ու կատարումներով հանդես էր գալիս ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ քչերին հայտնի հայկական երաժշտությունը։ 1910-ից ի վեր հետո նա ապրում ու աշխատում էր Պոլսում։, որտեղ էլ հիմնեց 300-հոգանոց իր «Գուսան» երգչախումբը։

1915-ի ողբերգական իրադարձությունները վարդապետին հոգեկան ծանր վիճակի հասցրին, ինչի արդյունքում էլ 1919-ին նրան տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ էլ Կոմիտասը մնաց մինչև կյանքի վերջ՝ 1935-ի հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ պանթեոն, որն այժմ կրում է իր անունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---