Հայաստանը ձեռնամուխ է եղել Բագրատաշենի մաքսակետի արդիականացմանը

Հայաստանը ձեռնամուխ է եղել Բագրատաշենի մաքսակետի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 26ին, Վրաստանի հետ սահմանին Բագրատաշենի նոր մաքսակետի հիմնարկեքն էր: Արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև կառավարությանը կից ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ԱԳ փոխնախարար Շավաշ Քոչարյանը, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ու պաշտոնատար այլ անձինք:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Բագրատաշեն, Գոգավան և Բավրա ՀԱԿ-երի արդիականացում» նախագծի շրջանակներում: Բագրատաշենի մաքսակետով է անցնում Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ անցնող ավտոմեքենաների մեծ մասը: Հսկիչ անցակետերի արդիականացման ծրագրի ավարտից հետո Հայաստանը կունենա ժամանակակից անցակետեր ամենաարդիական սարքավորումներով, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել մարդկային գործոնն ու սահմանը հատելու համար անհրաժեշտ ժամանակը: Այսինքն, Վրաստանի հետ սահմանին մաքսակետերի արդիականացման շնորհիվ, սահմանն անցնելու համար կպահանջնվի 3-5 րոպե, մարդատար ավտոմեքենաների համար՝ մինչև 7 րոպե, բեռնատարների համար՝ մինչև 20 րոպե:

Պետական սահմանների արդիականացման ծրագրով նախատեսվում են մոտ 50 մլն եվրոյի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հսկիչ անցագրային կետերի արդիականացման նախագծի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկից Հայաստանի կառավարության ստացած միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 30,3 մլն եվրո: Եվս 10,3 մլն եվրո ստացվել է EBRD-ից՝ Դեբեդ գետով սահմանամերձ կամրջի կառուցման համար: 12 մլն եվրո տրամադրվել է որպես դրամաշնորհ՝ Եվրահանձնաժողովի հարևանության ներդրման գործիքի շրջանակներում, ավելի քան 3 մլն եվրո ստացվել է «Արևելյան գործընկերության» IMB Flagship նախաձեռնության կողմից:

Նոր մաքսակետի դիզայնն իրականացրել է լատվիական Arhis ընկերությունը՝ Բելառուսի և Լատվիայի միջև անցակետերի բազայի հիման վրա: Շինարարական աշխատանքներն իրականացնում է SADE կոնսորցիումը, տեխնիկական վերահսկողությունը իրականացնելու է SAFEGE բելգիական ընկերությունը:

«Բագրատաշեն» ՀԱԿ-ը գտնվում է Երևան-Թբիլիսի Մ-6 ավտոմայրուղու վրա և 2011 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի հետ սահմանի հատման առավել կարևոր և ծանրաբեռնված կետն է: 2010 թվականին այդ անցակետով Հայաստան է մուտք գործել 419 հազար ուղևոր և 134 հազար տոննա բեռ, մեկնել է 420 հազար մարդ և արտահանվել է 124 հազար տոննա բեռ: «Բավրա» ՀԱԿ-ը մտնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմի մեջ, և ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել Իրանի և Վրաստանի միջև տրանսպորտային կապը: Այս անցակետով է անցնում ուղևորների հիմնական հոսքը Երևան-Բաթում ուղղությամբ: Բեռնափոխադրումը մեծ չէ՝ մոտ 57-59 հազար տոննա յուրաքանչյուր ուղղությամբ:

«Գոգավան» ՀԱԿ-ը գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա: Ուղևորահոսքը կազմում է տարեկան 40 հազար մարդ երկու ուղղությունով, իսկ բեռնափոխադրումները՝ մոտ 8 հազար տոննա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---