Լավրով. ՄԱԿ ԱԽ բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում

Լավրով. ՄԱԿ ԱԽ բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ՄԱԿ ԱԽ բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: Դա հաստատվում է նրանով, որ բանաձևում ասվում է. եթե սիրիական կողմերից որևէ մեկը խոչընդոտի տեսուչների աշխատանքին կամ եթե որևէ մի ուժ Սիրիայում քիմիական զենք կիրառի, ապա այդ դեպքերի մասին անհապաղ կզեկուցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդին: Եվ եթե ապացուցվի, որ որևէ մեկը սխալ բան է արել, ապա Անվտանգության խորհուրդը կարձագանքի ըստ ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի»,-ասել է Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»: Ավելի վաղ խորհրդի 15 անդամ երկրները ողջունել էին Քիմիական զենքի կիրառման կազմակերպության որոշումը Սիրիայում միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման ընթացակարգի մասին: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանաձևի կատարման համար պատասխանատվությունը կրում են ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը, նրանք չպետք է թույլ տան, որ քիմիական զենքը հայտնվի գրոհայինների ձեռքում: Լավրովը նաև նշել է, որ ընդունված բանաձևը կոչված է լուծելու Սիրիայում քիմիական զենքի խնդիրը, սակայն պայմաններ է ստեղծում, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զնագվածային ոչնչացման զենքի կիրառումից զերծ գոտի:

Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում առաջիկա գործողությանը: Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ բանաձևը երաշխավորում է, որ քիմիական զենքը Սիրիայում կոչնչացվի սեղմ ժամկետում: Նա հավելել է նաև, որ քիմիական զենքի կիրառման մեղավորները պետք է կանգնեն դատարանի առջև:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---