4 ապրիլի 2006 - 19:20 AMT
Մեկնարկել է Շուշին համահայկական մշակութային մայրաքաղաքի վերածելու վերաբերյալ էլեկտրոնային հանրաքվեն
Ապրիլի 4-ին «Շուշի» բարեգործական հիմնադրամը էլեկտրոնային հանրաքվե է սկսել Շուշին համահայկական մշակութային կենտրոն դարձնելու հարցի վերաբերյալ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի սահմանադիր, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքերով, հիմնադրամի հաշվին փոխանցված առնվազն 1 դոլարը կամ եվրոն կհամարվի մեկ քվե: Բ.Կարապետյանը տեղեկացրեց, որ մշակվել է Շուշին վերածնելու եւ այն մշակութային եւ զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագիր: Ըստ գրողի, հիմնադրամը Բեյրութի կաթոլիկ համայնքի ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակի համար 24 հազար դոլար է հատկացրել, հնեաբական պեղումներ է կազմակերպել Շուշիի բարձրավանդակում, որի արդյունքում, մասնավորապես, հայտնաբերվել է 12-րդ դարի ամրոց, հաշվառվել է 525 հուշարձան, հետազոտվել են նաեւ քաղաքի այնպիսի զբոսաշրջային, մշակութային շրջաններ, ինչպիսիք են Ջրաբերդի դարպասները, Հին ամրոցը, պատմական այգիները, Ղազանչեցոց եկեղեցին: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը կազմակերպել է նաեւ Արցախի ազատագրական պայքարի բոլոր մասնակիցների գրառումը հետագայում բազմահատոր ժողովածու հրատարակելու նպատակով: Հիշեցնենք, որ Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման սկզբում Շուշիում բնակվել է 8000 հոգի, այժմ քաղաքում ապրում է ընդամենը 2500 հոգի: