Եվրոպական ավիաընկերություններին գրավո՞ւմ է Հայաստանի օդային շուկան

Եվրոպական ավիաընկերություններին գրավո՞ւմ է Հայաստանի օդային շուկան

PanARMENIAN.Net - Կառավարության Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու հայտարարությունը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, գրում է «Հրապարակ» թերթը:

«Որոշ տեղեկություններով` նրանք նույնիսկ հանդիպել են իշխանության ներկայացուցիչներին` հայկական օդային շուկա արագ մտնելու համար: Հետաքրքրություն կա նաև Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ, քանի որ երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր»,-տեղեկացնում է թերթը:

Թերթի աղբյուրները չեն բացահայտել, թե կոնկրետ եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, շրջանառվում են հայտնի ընկերություններից «Rian air»-ի ու «Vigin»-ի անունները:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: Ինչպես կառավարության նիստին նշել էր վարչապետ Սարգսյանը, հարցի շուրջ բուռն քննարկումներ, ինչպես նաև իրարամերժ մոտեցումներ են եղել` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ:

Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները կդարձնի հարմարավետ, գներն էլ կնվազեն:

Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում:

Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:

Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց էր ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, մեծ մասը չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի մասով աշխատակիցների հայցերն են: Որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Ընկերությունն իր առաջին Boeing 737-ը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---