Բրյուսելում 3 տարի անց բացվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Բրյուսելում 3 տարի անց բացվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում 3 տարի անց մեկնարկում է նոր բաժնի քննարկումը: Ակնկալվում է, որ դա կնպաստի բանակցային գործընթացի արագացմանը: Բրյուսելում տեղի կունենա միջկառավարական խորհրդաժողով, որին, ինչպես ենթադրվում է, ներկա կլինեն Եվրոպայի գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն ու Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազը:

22-րդ գլուխը վերաբերում է «տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային մեխանիզմների համակարգմանը»: Քաղաքական սահմանափակումների զգալի մասը կապված է այլ բաժինների բացման հետ, պայմանավորված է Կիպրոսի խնդրի լուծմամբ:

Ըստ Բաղիշի, եթե Կիպրոսի խնդիրը լուծվի, Թուրքիան սեղմ ժամկետում կկարողանա բացել 12 բաժիններ և հաջողությամբ ավարտել դրանցից 10-ը: Նախարարը վստահ է, որ այդ թիվը կարող է ավելանալ: Եվրահանձնաժողովը շարունակում է հորդորել անդամ երկրներին բացել 23 և 24-րդ բաժինները, հայտնում է TRT-ն:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրք հանրության զգալի մասը այլևս չի հետաքրքվում ԵՄ անդամակցության հարցով: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ 2005 թվականին հանրության 70 տոկոսը կողմ էր ԵՄ-ին անդամակցելուն, այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս:

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---