Իրանը ծանր բանակցություններ է ակնկալում «վեցնյակի» հետ, մինչդեռ Մոսկվան լավատես է

Իրանը ծանր բանակցություններ է ակնկալում «վեցնյակի» հետ, մինչդեռ Մոսկվան լավատես է

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ փոխնախարար, միջուկային հարցերով երկրի գլխավոր բանախոս Աբբաս Արակչին կանխատեսում է, որ միջուկային ծրագրի շուրջ P5 +1 ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը բարդ է լինելու, հայտնում է Mehr News գործակալությունը: Բացի այդ, Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Արևմուտքի հետ համաձայնությունը չի իրագործվի, եթե չճանաչվի խաղաղ ատոմ ունենալու Իրանի ժողովրդի իրավունքը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Մինչդեռ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը ռուսաստանյան հեռուստաեթերում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի գծով միջազգային միջնորդների «վեցնյակն» ու Թեհրանը համաձայնության են հասել, այժմ այն հարկավոր է ձևակերպել՝ համատեղ փաստաթուղթ մշակելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները հաստատեցին, որ առաջին անգամ վերջին տարիների ընթացքում «վեցնյակն» ու Թեհրանը պատրաստ են ոչ միայն ներկայացնել իրենց տեսակետները, այլ շփման կետեր որոնել: Այդ կետերն արդեն որոշված են և այժմ սկզբունքային տարաձայնություններ չկան այն հարցերում, որոնք գործնական լուծում են պահանջում»,-ասել է Լավրովը:

«Խոսքը գնում է ձեռք բերված պայմանավորվածությունը դիվանագիտական լեզվով ճիշտ ձևակերպելու մասին, որպեսզի դա իրոք համատեղ փաստաթուղթ լինի, ոչ թե ինչ-որ մեկին պարտադրված»,-ասել է նա:

Թեհրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլն անցավ Ժնևում նոյեմբերի 10-ին, առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթաց է գրանցվել:

Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում նոյեմբերի 20-ին և 30-ին:

Իսրայելն, ԱՄՆ-ն ու Արևմուտքի այլ երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---