Ժնևյան բանակցությունները կարող են ավարտվել Իրանի հետ համաձայնագրի ստորագրմամբ

Ժնևյան բանակցությունները կարող են ավարտվել Իրանի հետ համաձայնագրի ստորագրմամբ

PanARMENIAN.Net - Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ օրվա ավարտին կողմերն այդպեսլ էլ չեկան համաձայնության: Շոշափելի արդյունք չտվեց նաև Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի եռաժամ հանդիպումը ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: Ամփոփելով անցած օրվա արդյունքները, Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին նշել է, որ իրանցիներին վստահություն չի ներշնչում ընդհանուր դիրքորոշման բացակայությունը բանակցողների «վեցնյակի» շարքերում:

«Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, ասեմ միայն, որ մենք տարաձայնություններ ունենք մի քանի հիմնարար հարցերում»,-ասել է Արակչին: Գլխավոր տարաձայնություններից մեկը ուրանի հարստացման հարցն է Իրանի տարածքում: Թեհրանը միանշանակ հասկացրեց, որ չի ընդունի այնպիսի համաձայնություն, որը զրկում է այդպիսի հնարավորությունից: Իրանը ցանկանում է, որ չեղյալ հայտարարվեն միջազգային պատժամիջոցները, որոնք մեծ վնաս են հասցնում տնտեսությանը: Ի պատասխան նա պատրաստ է դյուրացնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցերը միջուկային օբյեկտներ: «Պատժամիջոցների վերացումը բարենպաստ կլինի ոչ միայն Իրանի տնտեսության համար: Դա մեծ տնտեսական շահ է նաև Արևմուտքի համար, մուտք է Իրանի շուկա, որը հսկայական ներուժ ունի: Տնտեսական ճգնաժամի պայմաններում դա կարող է իր դերն ունենալ»,-գտնում է Ժնևում Անվտանգության քաղաքականության կենտրոնի խորհրդական Մարկ Ֆինոն, հայտնում է euronews-ը:

Բանակցությունների ետնաբեմում շատ են խոսակցություններն այն մասին, թե ԱԽ 5 մշտական անդամների ու Գերմանիայի ԱԳ նախարարները «նստած են ճամպրուկների» վրա և ցանկացած պահի պատրաստ են մեկնել Ժնև: Դա վկայում է այն մասին, որ համաձայնագիրը շուտով կարող է կնքվել:

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---