ԱՄՆ-ն սպառնացել է Աֆղանստանին ամբողջությամբ դուրս բերել զորքերը

ԱՄՆ-ն սպառնացել է Աֆղանստանին ամբողջությամբ դուրս բերել զորքերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սպառնացել է Քարզային ամբողջությամբ դուրս բերել զորքերն Աֆղանստանից 2014 թվականից հետո, եթե նախագահ Քարզայը մոտ ապագայում չստորագրի երկկողմ համաձայնագիրն երկրների միջև: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը Քարզայի հետ զրույցում, ասվում է Սպիտակ տան կայքում: Հանդիպումն անցել է Քաբուլում:

Ռայսը նշել է, որ պայմանագրի ստորագրման ձգձգումը զրկում է իրավիճակը պարզությունից, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Աֆղանստանում ռազմական ներկայության ծրագրման համար: Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը կոչված է օրենքով պաշտպանելու ամերիկյան զորքերը երկրից հիմնական զորակազմը դուրս բերելուց հետո:

Ռայսի հայտարարությունը հնչեց նոր պայմանների ֆոնի վրա, որոնք Քարզայն առաջ քաշեց բանակցություններում: Մասնավորապես, Աֆղանստանի նախագահը պահանջեց ԱՄՆ-ից դադարեցնել ռազմական գործողությունները հասարակ քաղաքացիների տներում ու վերադարձնել այն աֆղաններին, որոնք Գուանտանամոյի բանտում են պահվում, հայտնում է Reuters-ը: Բացի այդ, Քարզայը հայտարարեց, որ համաձայնագիրը կարելի է ստորագրել միայն նախագահական ընտրություններից հետո, որոնք կկայանան Աֆղանստանում 2014 թվականի ապրիլին:

Կողմերը հաստատել են երկկողմ համաձայնության տեքստը նոյեմբերի 20-ին: Փաստաթուղթը պետք է ստորագրվեր աֆղանական տոհմերի մեծերի խորհրդում հաստատվելուց հետո: Ավագանին ոչ միայն հավանություն տվեց պայմանագրին, այլ նաև պահանջեց, որպեսզի Քարզայը որքան հնարավոր է շուտ ստորագրի այն:

Երկկողմ համաձայնագիրն Աֆղանստանի ու ԱՄՆ միջև, եթե այն կնքվի, թույլ կտա ԱՄՆ զորակազմին մնալ Աֆղանստանում մինչև 2024 թվականը, իսկ հիմնական ուժերը դուրս կբերվեն մինչև 2014-ի ավարտը: Ամերիկյան զինվորականներին իմունիտետ կտրվի տեղական օրենքներից և արտակարգ իրավիճակներում մասնավոր տարածք մտնելու իրավունք: Բացի այդ, պայմանագիրը ենթադրում է բազմամիլիարդանոց օգնություն Աֆղանստանի կառավարությանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---