Մոսկվայի թաղամասերում կհայտնվեն ազգամիջյան հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաներ

Մոսկվայի թաղամասերում կհայտնվեն ազգամիջյան հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաներ

PanARMENIAN.Net - Մոսկվայի թաղամասերում կհայտնվեն ազգամիջյան հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաներ, հայտնել է М24.ru-ին միջտարածաշրջանային դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Նուժդինը: Դեռ պարզ չէ, թե ինչ լիազորություններ կունենան նրանք: «Մենք այժմ ձևավորում ենք մի կառույց, որը զբաղվելու է ազգամիջյան ու միջկրոնական հարաբերությունների հարցերով: Կնշանակվեն պատասխանատուներ՝ քաղաքային մակարդակից մինչև մունիցիպալ: Եթե ինչ-որ խնդիր առաջանա, որը պաշտոնյան չի կարողացել բացահայտել, իսկ արդյունքում միջադեպ կամ բախում է տեղի ունեցել, ապա դրա համար պատասխան կտա կոնկրետ պաշտոնյան»,-նշել է Նուժդինը: Ըստ նրա, եթե պաշտոնյայի մեղքն ապացուցվի, նրան անմիջապես կազատեն աշխատանքից: Աղբյուրը չի պարզաբանել, թե արդյոք պատասխանատուներ կնշանակվեն ազգամիջյան քաղաքականության համար, սակայն նշել է, որ նոր աշխատակիցներ չեն ընդունվելու՝ նոր գոծառույթները կհանձնարարվեն արդեն աշխատող պետծառայողներին:

Արևմտյան Բիրյուլովոյում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ազատեց Հարավային շրջանի պրեֆեկտ Գեորգի Սմոլեևսկուն և շրջանի ղեկավար Վիկտոր Լեգավինին: Քաղաքապետը նշել է, որ այդ կարգի ղեկավարները պետք է անձնական պատասխանատվություն ստանձնեն իրենց տարածքներում օրենսդրության խախտումների համար:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

Վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունը ձերբակալեց Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է՝ բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը:Դատարանում կասկածյալը հերքել է իր մեղքը և խնդրել է ազատ արձակել գրավի դիմաց: Դատարանը չի բավարարել նրա խնդրանքը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

ՌԴ ազգամիջյան հարաբերությունների հանրային պալատի անդամ, Ֆատիմա Աբլակովան հայտարարել է, որ սատարում է պաշտոնյաների անձնական պատասխանատվության վերաբերյալ նախաձեռնությանը: «Օրենքը կնպաստի պաշտոնյաների լուրջ և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը նման հարցերում: Խոսքը բախումների կանխարգելման մասին է, այն միջոցառումների, որ կարող են կազմակերպել տեղական մարմինները՝ սեմինարներ, վարպետության դասեր ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման թեմայով»,-ասել է Աբլակովան: Նա նշել է, որ Հանրային պալատը ևս կարող է մասնակցել այդպիսի սեմինարների: «Գործադիրը հնարավորություն ստացավ նոր կառույցներ ձևավորելու և հասարակությանը ներգրավելու ընդունելի միջմշակութային միջավայրի ստեղծման համար»,-ասել է Աբլակովան: Նա հավելել է, որ տեղական մարմինները պետք է ակտիվորեն համագործակցեն քաղաքացիների հետ, իմանալու համար հնարավոր լարվածության մասին և փորձել այն շտկել:

Իր հերթին Ժողովրդագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկիտա Մկրտչյանը գտնում է, որ դրանով կարող են զբաղվել թաղայինները: «Նրանք են հետևում բնակարաններին, իրավիճակին, նրանք առանց այդ էլ կատարում են այդ աշխատանքը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, լուրջ գործողությունների համար տեղական մարմինների լիազորությունները չեն բավականացնի, իսկ բուն միգրացիոն քաղաքականությունը դաշնային պատասխանատվության գոտում է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---