Կիևում Եվրամայդանին փոխարինելու է գալիս տոնածառը. Ցուցարարներին ցրել են (վիդեո)

Կիևում Եվրամայդանին փոխարինելու է գալիս տոնածառը. Ցուցարարներին ցրել են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 30-ի գիշերը Կիևի Մայդանում իրավապահները ցրեցին Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ցույցը:

Ինչպես գրում է fakty.ua-ն, գրոհը տեղի ունեցավ առավոտյան ժամը 4-ից հետո, երբ ակտիվիստներից շատերը քնած էին: Ուժայինները հարձակվեցին ցուցարարների վրա, կիրառելով մահակներ, վահաններ ու արցունքաբեր գազ: Տասնյակ ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վնասվածքներով:

Մինչդեռ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ ցուցարարներին ցրելու գործողությունները հրահրել են հենց ցուցարարները: Ըստ ՆԳՆ վարչության պետի մամլո ծառայության ղեկավար Օլգա Բիլիկի, իրավապահներին են դիմել Կիևի քաղաքային աշխատակազմի ներկայացուցիչները՝ խնդրելով ապահովել հատուկ տեխնիկայի մուտքը Մայդան՝ ամանորյա եղևնին տեղադրելու համար:

Ցուցարարներին են դիմել չխանգարելու կոչով և զգուշացրել էին, որ տեխնիկայի մուտքն արգելափակելը խախտում է հանդիսանում:

«Բազմաթիվ զգուշացումներին հակառակ՝ ակտիվիստները չեն կատարել միլիցիայի պահանջները և սկսել են միլիցիայի աշխատակիցների ուղղությամբ այրվող փայտեր ու աղբ նետել: Դրանից հետո, ցուցարարներին դուրս են մղել Մայդանից հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-ասել է նա: Բիլկը խոստացել է, որ ՆԳՆ-ն կուսումնասիրի բոլոր տուժածների դիմումները:

Մինչդեռ միլիցիայում նշել են, որ Մայդանի ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ բերման է ենթարկվել մոտ 30 ակտիվիստ: Նրանց գործով վարչական արձանագրություններ կկազմվեն, հետո ազատ կարձակեն:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Մայդան են եկել ամանորյա եղևնու տեղադրման համար անհրաժեշտ կառուցվածքներով բեռնատարներ: Տոնածառը կշրջապատեն «Բերկուտի» մարտիկները:

www.ostro.org կայքը հայտնում է, որ Եվրամայդանը տեղափոխվել է Կիևի կենտրոնում գտնվող Միխայլովսկի եկեղեցու տարածք, որտեղ հավաքվել են մոտ 300 ցուցարարներ: Վանականները մարդկանց տաք թեյ են առաջարկում ու խոստանում են աջակցել:

Մարդիկ մասնակիցներին կերակուր են բերում, տաք ըմպելիքներ ու տաք իրեր: Կան մարդիկ, որ դրամական նվիրատվություն են անում «ցուցարարների կարիքների համար»:

Մարդիկ ավելանում են, միլիցիա դեռ չկա: «Բերկուտի» անդամներին տեղափոխող ավտոբուսը մեկնեց Միխայլովսկի եկեղեցուց: Հետագա ծրագրերը ցուցարարները չեն հրապարակում՝ սպասում են ընդդիմադիր խմբակցություններ առաջանորդներին:

Ինչպես հայտնում է www.vladtime.ru-ն, ակտիվիստները մտադիր չեն դադարեցնել բողոքի ակցիաները: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել Ալեքսանդր Կուժելը, որը երկրի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչն է: Ցուցարարները վճռական են տրամադրված:

Նախօրեին Վիլնյուսում Արևելայն գործընկերության գագաթաժողովում Ուկրաինա-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվեց մինչև գալիք տարվա սկզբին կայանալիք ԵՄ-Ուկրաինա բրյուսելյան գագաթաժողովը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը թվարկեց այն պայմանները, որոնց կատարման դեպքում Կիևը կստորագրի փաստաթուղթը: Հիմնականը հակասությունների չեզոքացումն է Ուկրաինայի, Ռուսաստանի ու ՄՄ մյուս անդամների միչև, ինչպես նաև եռակողմ խորհրդակցությունների անցկացումը Ռուսաստանի հետ:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն նշեց, որ Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով խորհրդակցությունների մասին խոսք լինել չի կարող:

Յանուկովիչի այլ պայմանների թվում են նաև ֆինանսական օգնությունն Ուկրաինային 160 մլրդ եվրոյի չափով: Նախագահը նաև խնդրել է ԵՄ-ից վերանայել ուկրաինական արտահանման սահմանափակումներն ու վերանայել Ուկրաինային շրջանցող գազի առաքման մասին Արևմուտքի «տնտեսապես չհիմնավորված» կարծիքը:

Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը ստորագրեցին եվրաինտեգրման մասին նախնական համաձայնագիրը: Կանխատեսվում է, որ պայմանագրի վերջնական տարբերակը կստորագրվի գալիք տարվա սեպտեմբերին:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:

Photo: www.trust.ua
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---