ԵՄ-ն հրաժարվել է նոր բանակցություններից Ուկրաինայի հետ, իսկ Կիևում ձևավորվում են կամավորականների ջոկատներ

ԵՄ-ն հրաժարվել է նոր բանակցություններից Ուկրաինայի հետ, իսկ Կիևում ձևավորվում են կամավորականների ջոկատներ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը նոր բանակցություններ չի վարի Ուկրաինայի հետ արդեն նախաստորագրված Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի տեքստի շուրջ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Բացի այդ, ըստ նրա, Եվրոպական հանձնաժողովը չի հաստատում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հայտարարած ուկրաինական պատվիրակության այցը Բրյուսել:

Արձանագրելով, որ ԵՄ-ում չկա «փոխհատուցման շուրջ ոչ մի քննարկում», նա ասել է. «Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայի հետ համաձայնագրերի իմպլեմենտացիայի տարբեր ասպեկտները և մանրամասնել այն կոնկրետ առավելությունները, որ կտա համաձայնագիրն Ուկրաինային»:

Մինչդեռ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերը, որոնք տեղակայված են Ղրիմում, գործուղվել են Կիև: Այդ մասին հայտարարել է ներքին զորքերի հրամանատարության Ղրիմի վարչության ղեկավար Նիկոլայ Բալանը: Նա չի նշել զինծառայողների քանակը, որոնք մեկնել են մայրաքաղաք: Ըստ նրա, նրանք պահապնելու են հասարակական կարգը, այդ թվում զանգվածային միջոցառումների ժամանակ:

Ներքին գործերի գլխավոր վարչությունում հավաստիացրել են, որ միլիցիայի, հատկապես, ներքին զորքերի մասին օրենքները չեն խախտվում: «Ներքին զորքերը չեն մասնակցում ցույցեր ցրելուն, նրանք ուղղակի գործում են որպես «կենդանի վահան»: Այսինքն այսօր մեր առաջ խնդիր է դրված ապահովել պետական մարմինների աշխատանքն ու պահպանել հասարակական կարգը»,-հավաստիացրել է Ուկրաինայի ներքին գործերի իրավաբանական վարչության պետ Դմիտրի Շչետինինը:

Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ անդամ երկրների ԱԳ նախարարները պնդում են, որ երկխոսություն սկսվի Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության միջև: «Մենք հետևում ենք Ուկրաինայի իրավիճակին, դատապարտում ենք ուժի անհամարժեք կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ և կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից ու բռնությունից»,-ասել է նա Բրյուսելում: «Մենք հորդորում ենք իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսություն սկսել ու գործարկել բարեփոխումների գործընթացը»,-հավելել է նա:

Իր հերթին ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը մեկնում է Ուկրաինա՝ օգնելու համար երկխոսության հաստատմանը: Եվրոպայի խորհրդում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ ԵԽ գլխավոր քարտուղարի առաջարկած օգնությունը դրական է ընկալվել երկու կողմից: «Այցի նպատակն է նվազեցնել լարվածությունն ու քննարկել երկխոսության հավանականությունը»,-ասել է ԵԽ-ում:

Ակնկալվում է, որ այցի ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Յագլանդը կհանդիպի վարչապետ Ազարովի, ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի, քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:

Դեկտեմբերի 5-6-ը Կիևում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը: Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում ավարտվում է հունվարի 1-ին:

Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները Մայդանում առավոտյան կրկին շարունակել են պիկետը կառավարության շենքի առջև: Ըստ «Ինտերֆաքս-Ուկրաինայի», մոտ 200 ցուցարարներ արգելափակել են կենտրոնական մուտքը: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Այսօր կայանալու է կառավարության նիստը:

Ակտիվիստները նաև շրջափակել են մուտքը նախագահի նստավայր:

Մայդանում շարունակվում է անդամագրումը կամավորականների ջոկատներին: Արդեն անդամագրվել է 2 800 մարդ: Նրանք բաժանվում են հարյուրյակների ու նախապատրաստում են անցնում արտակարգ դեպքերի կամ «Բերկուտի» մարտիկներին դիմակայելու համար, եթե վերջիններս գրոհեն Մայդանը:

Իսկ Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր թույլ չտվեցին սկսել խորհրդարանի հերթական նիստը: Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» կայքը, «Բատկիվշչինայի» և «Ուդառ»-ի անդամ պատգամավորները շրջապատել են ամբիոնն ու նախագահությունը: Խոսնակ Վլադիմիր Ռիբակը բացել է և անմիջապես փակել է նիստը:

«Բատկիվշչինայի» նախագահ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ խորհրդարանը չի սկսի աշխատանքը, քանի դեռ կառավարությունը հրաժարական չի տվել: «Մենք հստակ հայտարարում ենք, որ խորհրդարանը չի աշխատի, քանի դեռ չկա կառավարության հրաժարականը: Երեկ Ռեգիոնների կուսակցության անդամներն ու կոմունիստները, որոնք դրամական միջոցներ են ստացել նրանցից, դրա օգտին չքվեարկեցին»,-ասել է նա:

Photo: filippov1983.livejournal.com
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---