«Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան կայացավ

«Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան կայացավ

PanARMENIAN.Net - Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ՝ դեկտեմբերի 4-ին կայացել է«Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան:

«Սիրո կամուրջ»-ը Հայաստանում թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը՝ մյուզիքլը, զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են` Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն և «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, ով այն իրականացնելու նպատակով 200 միլիոն դրամ է տրամադրել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նախագծի շուրջ միավորվել էին ոչ միայն հատուկ քասթինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլև տաղանդավոր և պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ: «Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորը Վահան Բադալյանն է: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանն և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին և Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երևան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլերի բեմադրող-ռեժիսոր և պարուսույց Վալերի Արխիպովը: Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվել կենդանի կատարմամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---