Իրանը կարող է նպաստել նավթի սակագների կտրուկ նվազմանը համաշխարհային շուկայում

Իրանը կարող է նպաստել նավթի սակագների կտրուկ նվազմանը համաշխարհային շուկայում

PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նվազեցնել նավթի սակագինը համաշխարհային շուկայում մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլարի: Ըստ Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի, այդ դեպքում նավթարդյունահանող երկրների, այդ թվում Ադրբեջանի համար անբարենպաստ զարգացումներ կարող են լինել: Սակայն Իրանը կկարողանա համաշխարհային շուկայի վրա ազդել ոչ շուտ, քան 6 ամսից:

«Առաջինը, նավթի արդյունահանումն ավելացնելու համար նախ հարկավոր է, որ չեղյալ հայտարարվեն պատժամիջոցները, իսկ դա կլինի ոչ շուտ, քան 6 ամսից: Երկրորդը, համաշխարհային շուկա դուրս գալու համար Իրանին ևս որոշ ժամանակ կպահանջվի: Սակայն, հեռանկարում, անշուշտ, Իրանը կարող է նպաստել նավթի սակագնի անկմանը: Իրանի համար շահավետ կլինի նավթը վաճառել 50 դոլարից ցածր գնով, քանի որ պատժամիջոցների գործողության տարիների ընթացքում նա սովորել է տնտեսել, իսկ ահա Պարսից ծոցի երկրների համար այնքան էլ լավ չի լինի: Հնարավոր է, այդ պատճառով Սաուդյան Արաբիայի հետախուզման նախարարը մեկնեց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ, իսկ Լավրովը շտապ մեկնեց Իրան: Այսինքն, նավթարդյունաբերությամբ զբաղվող երկրները հասկանում են, թե ինչ տնտեսական աղետի պատճառ կարող է դառնալ նավթի գինը նվազեցնելու իրանական սպառնալիքի իրագործումը»,-ասել է նա:

Ըստ նրա, Ադրբեջանը ևս ստիպված կլինի տնտեսել, եթե տեղի ունենա նավթի գնի անկում համաշխարհային շուկայում: «Ոչ նավթային հատվածից ստացած եկամուտները չեն հատուցի նավթայինի շահույթները: Հնարավոր է, կառավարությունը ստիպված լինի ավելացնել Նավթային հիմնադրամի ծախսերը, հրաժարվել որոշ ներդրումային նախագծերից: Բացի այդ, իշխանությունները պետք է ուժեղացնեն պայքարը կոռուպցիայի դեմ, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի արդյունավետ օգտագործել միջոցները սոցիալական և այլ ծախսերի համար»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az: Ներկա դրությամբ Իրանը կարող է համաշխարհային շուկա արտահանել ընդամենը 1 մլն բարել նավթ օրական: Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում, Իրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է միջուկային էներգիան օգտագործել զուտ խաղաղ նպատակով:Փոխարենը պատժամիջոցներն Իրանի դեմ կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար, երբ բանակցությունները կշարունակվեն, հասնելու համար վերջնական պայմանավորվածությունների խաղաղ միջուկային գործունեության պարամետրերի մասին:

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում կրճատվում է արդեն երրորդ տարին: 2011 թվականին ծավալները նվազել են 10,8 տոկոսով, իսկա գազի արդյունահանումը՝ 2 տոկոսով: 2012-ին նավթարդյունաբերության ծավալները կրճատվել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 4,3 մլն տոննա:

Զուգահեռ աճում է Ադրբեջանի տնտեսության ու բյուջեի կախվածությունը նավթային հատվածից: Ընդհանուր առմամբ, 2013-ին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները նավթային հատվածից կկազմեն արդեն 79 տոկոս:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---