Կրեմլ. Պուտինն ու Յանուկովիչը չեն քննարկել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Կրեմլ. Պուտինն ու Յանուկովիչը չեն քննարկել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

PanARMENIAN.Net - Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Սոչիում կայացած հանդիպմանը չեն քննարկել Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Պուտինն ու Յանուկովիչը քննարկել են երկկողմ հանձնաժողովի նիստի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Մոսկվայում: Բացի այդ, նախագահները քննարկել են համագործակցությունը էներգետիկ, ֆինանսավարկային և այլ ոլորտներում:

Այն մասին, որ ուրբաթ օրը Սոչիում կայացած Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուկրաինան անդամակցելու է Մաքսային միությանը, իրազեկ աղբյուրի վրա հղումով հայտնել է հայտնի բրիտանացի լրագրող, The Economist ամսագրի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը: Նա պնդում է, որ Սոչիում կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը Ուկրաինային առնվազն 5 մլրդ դոլար կհատկացնի, ինչպես նաև գազի գինը կսահմանի 200 դոլար հազար խմ գազի դիմաց, որը գործող գնից գրեթե երկու անգամ պակաս է:

Մինչդեռ ուկրաինական ընդդիմությունը, մեկնաբանելով Յանուկովիչի այցը Սոչի, հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված ցանկացած համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի նախագահի կողմից կհանգեցնի բողոքի նոր ցույցերի:

Ընդդիմության բողոքի ակցիաները սկսվեցին Ուկրաինայում, երբ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Ամենաբազմամարդը եվրաինտեգրման կողմնակիցների հավաքն էր Կիևի Մայդանում, որը նոյեմբերի լույս 30-ի գիշերը ցրեցին հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի մարտիկները: Վերջին իրադարձությունների վրա հիմնվելով ընդդիմությունը փորձեց հասնել կառավարության հրաժարականին, սակայն ձայների անհրաժեշտ քանակը չհավաքվեց անվստահության քվեի համար:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---