24 դեկտեմբերի 2013 - 11:58 AMT
Ադրբեջանցի իսլամիստները դեմ են ամանորյա տոներին

Ադրբեջանի իսլամական կուսակցությունը դիմել է Կովկասի մահմեդականների վարչությանը՝ կոչ անելով հրաժարվել դեկտեմբերի 31-ին տոնական ամանորյա միջոցառումների անցկացումից և ընդհանրապես չդիմավորել Նոր տարին:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, այս տարի դեկտեմբերի 31-ին է նշվում մարգարե Մուհամմեդի մահվան տարելիցը: Ուստի մահմեդականներն առաջարկել են «նշել այդ օրն որպես սգո օր», հեռուստատեսությունում սահմանափակել տոնական շոուները, փոխարենը «տեղ հատկացնելով քարոզների ու աստվածաբանների զրույցներին»: Իսլամական կուսակցությունը դեմ է նաև մարտի 8-ին միջազգային կանանց օրը նշելուն: Կուսակցությունը հայտարարել է, որ «այդ տոնը գնալով ավելի է տարածվում, թեև իսլամական աշխարհում կանանց օրը համարվում է մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրը»: Ադրբեջանում իսլամ է դավանում բնակչության 90 տոկոսը, սակայն իսլամական կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ, նրա առաջնորդներն անցյալում դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար:

Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը նշվում է իսլամական օրացույցով սաֆար ամսվա 28-ին: Այս տարի այդ օրը համընկնում է դեկտեմբերի 31-ի հետ: Իսլամում տոները շարժական են և նշվում են ըստ լուսնի օրացույցի:

Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել է 1992-ին: Սակայն 1995 թվականին նրա գրանցումը չեղյալ համարվեց, և թեև կուսակցությունը չարգելվեց, սակայն պետական գրանցում այլևս չստացավ:

1992-1995 թթ. կուսակցությունը հանդես էր գալիս Իրանի հետ սերտ հարաբերությունների հաստատման օգտին, մերժում էր պանթուրքիզմը, համարելով այն վտանգավոր և անիրական: Կուսակցությունը նաև հայատյաց է, ինչպես նաև դեմ է ամերիկացիներին, հրեաներին և եվրոպական կողմնորոշմանը: Կուսակցությունը սատարում է «Հեզբոլլահին»: Կուսակցության առաջնորդն է Մովսում Սամեդովը: