12  10.01.14 - Երթ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ու նոյեմբերի 5-ին մյուս ձերբակալվածների

Ազատության հրապարակում նորից ազատություն էին պահանջում. այս անգամ «քաղբանտարկյալներին»

Ազատության հրապարակում նորից ազատություն էին պահանջում. այս անգամ «քաղբանտարկյալներին»

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում այսօր նորից ազատություն էին պահանջում. այս անգամ «քաղբանտարկյալների» համար՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 5-ից մինչ օրս նա ու այդ օրվա բողոքի ցույցի ևս 14 մասնակից կալանավորված են:

Նոյեմբերի 5-ին Հարությունյանն իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակից փորձում էին շարժվել դեպի նախագահական նստավայր, որը, Հարությունյանի խոսքով, պատրաստվում էին պայթեցնել։ Ոստիկանությունն արգելել էր երթը, արդյունքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ սկսվեցին, տասնյակ մարդ ձերբակալվեց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։ Ավելի ուշ նրան իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը գործադրելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել:

«Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ու դրոշներով բողոքողները հրապարակից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ Շանթին և մյուս ձերբակալվածներին տեսակցելու ու նրանց զանգահարելու արգելքը հանելու պահանջով: Ճանապարհին երթի մասնակիցները կանգ առան Կառավարության շենքի դիմաց:

Այնտեղ նրանց պատահաբար հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Երթի մասնակիցները նրան դիմավորեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով:

Մինչ ցուցարարները ամոթանք էին տալիս նախարարին, Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ իր համար տարբերություն չկա՝ ինչի համար է բանտարկյալը ՔԿՀ-ում.

«Ես պատասխանատու եմ կալանավորվածի առողջության համար, ու երեկ հենց իմ հանձնարարությամբ է Շանթ Հարությունյանն տեղափոխվել հիվանդանոց, քանի որ հացադուլի պատճառով առողջական խնդիրներ էին մոտն առաջացել»,- նշեց նա:

Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ հացադուլի մեջ էր, որը դադարեցրել է այսօր՝ հունվարի 10-ին: Երեկ երեկոյան ինքնազգացողության վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նախարարի կարծիքով՝ այսօրվա երթը քաղհասարակության դրսևորում է, ու «շատ նորմալ է, որ քաղհասարակությունը բողոքում է, իշխանությունն էլ պատասխանում է»: Հարցին, թե արդյոք նա համամիտ չէ ցուցարարների համոզմանը, թե Հարությունյանը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար, Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե ժխտում է այդ վարկածը, քանի որ այն իրականությանը չի համապատասխանում: Ցուցարարները նախարարին ճանապարհեցին «Հանցագործ, հեռացիր» վանկարկումներով:

Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին Գլխավոր դատախազություն, որտեղ պահանջում էին «տեսակցություն» ու «ազատություն քաղբանտարկյալներին»:

Ինչպես ասաց երթին մասնակցող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, իրավապահներն իրավունք չունեն տեսակցություն չտալ անգամ ամենածանր քրեական հանցագործի դեպքում:

«Մարդու իրավունքն է՝ երբեմն տեսնել հարազատներին: Նա հացադուլ էր հայտարարել, որ հնարավորություն տան հանդիպել հարազատներին»,- նշեց Հայրիկյանը:

Գլխավոր դատախազությունից երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի ԱԱԾ շենք: Ոստիկանները թույլ չէին տալիս երթի մասնակիցներին ԱԱԾ շենքի մայթով հասնել այնտեղ, բայց արդյունքում պայմանավորվեցին, որ կթույլատրեն, եթե եթե միայն նրանք կանգ չառնեն շենքի դիմաց, քանի որ ռեժիմային շենք է, ու չփակեն մուտքը: Ցուցարարներն այդպես էլ արեցին:

Երթն ավարտվեց Նալբանդյան փողոցում՝ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտ «Ոչ ոխերիմ բարեկամներին» կոչերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---