ԵՄ-ում նախագահող Հունաստանն առաջարկում է պարզեցնել վիզային ռեժիմն 3-րդ երկրների քաղաքացիների համար

ԵՄ-ում նախագահող Հունաստանն առաջարկում է պարզեցնել վիզային ռեժիմն 3-րդ երկրների քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Հունաստանը, որպես Եվրամիությունում նախագահող երկիր, մարտի կեսին հանդես կգա երրորդ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին առաջարկով, հայտնել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյաննին:

Ըստ նրա, ԵՄ-ում Հունաստանի նախագահության թիրախներից մեկն այն փաստի բարձրաձայնումն է, որ «զբոսաշրջությունն Եվրամիության համար պետք է լինի զարգացման քաղաքականության անբաժան մասն և ոչ միայն Հունաստանի կամ մյուս հարավային երկրների պարագայում, այլ ամբողջ Եվրոպայի համար»:

«Նախագահության ընթացքում Հունաստանը կառաջարկի վերանայել մուտքի արտոնագրերի տրամադրմանը վերաբերող օրենսդրությունը, ինչը թույլ կտա վերացնել բյուրոկրատական խոչընդոտներն երրորդ երկրների քաղաքացիների, օրինակ, ռուսների, ուկրաինացիների, չինացիների, թուրքերի համար, որոնց Եվրոպա այցելելու համար մուտքի արտոնագիր է հարկավոր: Պետք է պարզեցնենք նրանց մուտքը մեր երկիր»,- ասել է նախարարը:

Ըստ Կեֆալոյաննիի, եվրոպական և մասնավորապես հունական զբոսաշրջության համար կարևորվում է ծովային զբոսաշրջությունը, զբոսաշրջության նախարարությունը մտադիր է համապատասխան խորհրդաժողով հրավիրել մարտի 10-11-ը: «Մեզ հետաքրքրում են ձմեռային զբոսաշրջության, լեռնադահուկային կենտրոնների, ենթակառուցվածքային հարցերը: Տեղական մակարդակով կօգնենք բնապահպանական, գյուղական, ՍՊԱ-զբոսաշրջության, ուխտագնացության զարգացմանը»,- ասել է Կեֆալոյաննին, հայտնում է travelnews24.ru-ն:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել էր, որ Հունաստանն Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղվածությունն արևելյանից փոխում է դեպի հարավ: Այժմ ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականությունն երկու ուղղություն է ներառում՝ արևելյան ու հարավային:

Հարավային ուղղության կազմում են Ալժիրը, Մարոկկոն, Հորդանանը, Իսրայելը, Լիբիան, Լիբանանը, Սիրիան, Պաղեստինը, Թունիսը: Արևելյան ուղղության կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան:

Հունաստանը ԵՄ-ում նախագահում էընթացիկ տարվա հունվարի 1-ից: 2014-ի երկրորդ կեսին նրան կփոխարինի Իտալիան:

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 11-ին վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Ներկա 108 պատգամավորները միաձայն կողմ էին քվեարկել: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ վավերացումից մեկ ամիս անց:

Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կկարողանան ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն և այլք:

Թոշակառուների, մինչև 12 տարեկան երեխաների ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար վիզան կլինի անվճար, մյուսները կվճարեն զգալի զեղչերով:

2012 թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության խորհրդի 13-րդ նիստին Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցին ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---