Եգիպտոսում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրն է

Եգիպտոսում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրն է

PanARMENIAN.Net - Եգիպտոսում այսօր նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրն է: Նախօրեին դիտորդները ընտրատեղամասերում բարձր ներկայություն են գրանցել: Ակնկալվում է, որ քվեարկությանը կմասնակցի շուրջ 50 մլն քաղաքացի: Տեղացի փորձագետները չեն կասկածում, որ եգիպտացիները «այո» կասեն երկրի նոր օրենքին: Հանրաքվեից հետո պետք է տեղի ունենան խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որտեղ ամենահավանական թեկնածուն գերագույն հրամանատար Աբդուլ Ֆաթահ Աս Սիսին է: Նա առանցքային դերակատարություն ունեցավ անցյալ տարվա հուլիսի ռազմական հեղաշրջման գործում, որի արդյունքում Մուրսին տապալվեց:

Եգիպտոսում ուժեղացվել են անվտանգության միջոցները՝ տեղամասերը պահպանում են շուրջ 300 հազար ոստիկաններ ու զինվորականներ: Սակայն առաջին օրը զերծ չեղավ բախումներից՝ հայտնի է 10 սպանվածների մասին: Ավելի վաղ «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդները կոչ արեցին կողմնակիցներին բոյկոտել հանրաքվեն ու դուրս գալ փողոց: Երեքշաբթի երկու պայթյուն է որոտացել: Մեկը՝ Կահիրեի արվարձանում, դատարանի շենքի մոտ, մյուսը՝ Մահալլա քաղաքում: Ոչ ոք չի տուժել, հայտնում է euronews-ը:

Մոտ մեկ տարի է անցել իսլամիստների առաջարկած սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից, իսկ Եգիպտոսում արդեն հանրաքվե է անցնում հիմնական նոր օրենքի վերաբերյալ: Եվ կրկին խորը պառակտման պայմաններում:

Նախկին սահմանադրությունը ստացել է մասնակիցների 54 տոկոսի հավանությունը: Ճիշտ է մասնակցության տոկոսը ընդամենը 33 տոկոս էր, իսկ բուն հանրաքվեն ուղեկցվում էր ցույցերով, որոնք ամենևին էլ խաղաղ չէին: Դա երկար չտևեց: Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին:

Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի:

Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա:

Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---