Կիևն արդեն ծախսել է ՌԴ-ից ստացած առաջին 3 մլրդ դոլարն ու նոր փոխանցման է սպասում

Կիևն արդեն ծախսել է ՌԴ-ից ստացած առաջին 3 մլրդ դոլարն ու նոր փոխանցման է սպասում

PanARMENIAN.Net - «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը և «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կմասնակցեն անվտանգության քաղաքականության հարցերին նվիրված Մյունխենի 50-րդ խորհրդաժողովին, որը մեկնարկում է հունվարի 31-ին: Ինչպես հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության մամլո ծառայությունը, խորհրդաժողովի շրջանակներում Յացենյուկը մի շարք հանդիպումներ կունենա քննարկելու համար Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Մասնավորապես հանդիպումներ կլինեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի հետ, ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Միջոցառման շրջանակում քննարկվելու են համաշխարհային ու եվրոպական անվտանգության ակտուալ հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայում: Կլիչկոն նույնպես ելույթ կունենա խորհրդաժողովում: Ինչպես «Ինտերֆաքս-Ուկրաինային» է հայտնել նրա մամլո քարտուղար Օքսանա Զինովևան, նախատեսվում է Կլիչկոյի ելույթը շաբաթ օրը: Նա ևս հանդիպում կունենա Ջոն Քերիի հետ: Մյունխենում ելույթ կունենա նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

ՌԴ փոխվարչպետ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա բանակցություններն ընդդիմադիր Կլիչկոյի հետ ու Մայդանի ակտիվիստ երգչուհի Ռուսլանայի հետ «կրկեսային ներկայացում է» համարում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի իրավիճակն Ուկրաինայում բռնցքամարտիկ Կլիչկոյի ու երգչուհի Ռուսլանայի հետ: Ուղղակի «ցիրկ»: Կարելի է Վերկա-Սերդչյուչկային էլ ներգրավել: Նրա «հեղինակավոր» կարծիքը Սպիտակ տունը պետք է լսի ու հաշվի առնի»,-գրել է նա:

Մինչդեռ, Ուկրաինան Ռուսաստանից հերթական դրամական փոխանցման է սպասում, առաջին դրամաբաժինը՝ 3 մլրդ դոլարը արդեն ծախսվել է: Փոխառության մյուս մասի տրամադրումը կսաստկացնի Կիևի կախվածությունը Մոսկվայից, սակայն այլընտրանքը դեֆոլտն է: Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ Մոսկվան հաստատում է, որ «հավատարիմ է պարտավորությունների կատարմանը», սակայն ժամանակացույցի ու պարամետրերի տեսակետից հարցը լրացուցիչ քննարկում է պահանջում ուկրաինացի գործընկերների հետ, հաշվի առնելով վերադասավորումներն Ուկրաինայի կառավարության կազմում: Երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բավարարեց վարչապետ Նիոկլայ Ազարովի հրաժարականի մասին դիմումը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը: Ինքը Յանուկովիչը հիվանդ է և դուրս չի եկել աշխատանքի:

Ռուսական օգնության մասին հարցն առանցքային է դառնում Ուկրաինայի համար: Մոսկվան ու Կիևը պայմանավորվել էին, որ Ռուսաստանը 2013-2014 թթ. փոխառություն կտրամադրի Ուկրաինային 15 մլրդ դոլարի ընդհանուր գումարի, 10 մլրդ դոլարի ուկրաինական եվրոպարտատոմսեր կգնի, իսկ մնացած գումարը կտրամադրի հատուկ փոխառությունների իրավունքի տեսքով: Մոսկվան նաև զգալի զեղջ է անում Կիևին գազի գնի հարցում՝ գինը նվազել է մեկ երրորդով, 2013-ին այն 421 դոլար էր, իսկ այժմ նվազել է մինչև 268,5 դոլար 1 հազար խմ գազի դիմաց: Ըստ լրացուցիչ համաձայնության, գինն Ուկրաինայի համար կվերանայվի երեք ամիսը մեկ՝ եռամսյակի առաջին ամսի 5-10-ը: Առաջին ռուսական դրամական փոխանցումը 3 մլրդ դոլարի չափով կատարվել է դեկտեմբերին և անմիջապես ծախսվել տարբեր սոցվճարումների տեսքով:

Հիմա Կիևը կենտրոնացել է երկրորդ դրամաբաժնի վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է երկրին: Մինչ փետրվարի 12-ը Ուկրաինան ԱՄՀ-ին պետք է մոտ 1 մլրդ դոլար վճարի, բացի այդ, արդեն ճնշում է զգացվում ազգային գրիվնայի փոխարժեքի առումով, մարդիկ ազատվում են ազգային արժույթից: Եթե փետրվարին փող չլինի, ապա մարտի սկզբին երկրում արդեն նախադեֆոլտային իրավիճակ կլինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---