Ջորջ Բուշը կրկին խուսափել է ցեղասպանություն բառից

PanARMENIAN.Net - Չնայած շուրջ 200 կոնգրեսականների կոչին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 24-ի իր ամենամյա խոսքում կրկին ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» բառեզրը օգտագործելուց, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Իր ելույթում Ջ.Բուշը մասնավորապես ասել է. «Այսօր մենք հիշում ենք 20 դարի ամենաահավոր ողբերգություններից մեկը` 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն ու բռնագաղթը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում: Դա ողբերգություն էր ողջ մարդկության համար, որն աշխարհը երբեք չպետք է մոռանա: Մենք ողբում ենք պատմության այդ ահավոր էջի մասին եւ հասկանում ենք, որ այդ ողբերգությունը ցավի աղբյուր է Հայաստանի ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ազատությանը, հանդուրժողականությանը, մարդկային կյանքի արժանապատվությանն ու արժեքին: Փառք ու պատիվ հայերի սերունդներին Հայաստանում, Ամերիկայում եւ ողջ աշխարհում, որոնք վերապրեցին այդ ողբերգությունը եւ պահպանեցին իրենց բազմադարյա մշակույթը, ավանդույթներն ու հավատը: Մենք ողջունում ենք այն մարդկանց Հայաստանում եւ Թուրքիայում, որոնք ձգտում են հետազոտել այդ շրջանի պատմական իրադարձությունները: Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հետազոտությունների արդյունքները թեեւ վերջնական չեն, մեծ լումա ներդրեցին այդ իրադարձությունների մեր ընկալումը խորացնելու մեջ: Մենք երկխոսության կոչ ենք անում, այդ թվում համատեղ հանձնաժողովների միջոցով, որոնք ձգտում են մոտեցնել Հայաստանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններին: Այսօր մենք հույսով ենք նայում Հայաստանի լուսավոր ապագային: Հայաստանի ներառումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում արտացոլում է այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք ժողովրդավարական բարեփոխումներին եւ ազատ շուկայի զարգացմանը Հայաստանում: Մենք փորձում ենք օգնել Հայաստանին անվտանգության հարցում եւ Եվրոատլանտյան ընտանիքին ավելի խորը ինտեգրվելու հարցում: Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը եւ հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձակ քայլեր կձեռնարկեն այդ նպատակին հասնելու համար: Սգո հիշատակման այս հանդիսավոր օրը մենք խորապես ցավակցում ենք հայ ժողովրդին: Մեր ժողովրդները միասին են մեր երկրների ժողովրդների եւ ողջ աշխարհի համար խաղաղ, բարգավաճ եւ ազատ ապագա կառուցելու վճռականության մեջ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---