Եվրահանձնաժողովը չի խանգարի Շոտլանդիայի անկախացմանը, բայց զգուշացնում է, որ ԵՄ-ին անդամակցելը բարդ կլինի

Եվրահանձնաժողովը չի խանգարի Շոտլանդիայի անկախացմանը, բայց  զգուշացնում է, որ ԵՄ-ին անդամակցելը բարդ կլինի

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ անկախ Շոտլանդիայի համար «շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին» Եվրամիությանն անդամակցելը: Ըստ նրա, եթե Շոտլանդիան անկախանա, ապա ստիպված կլինի ընդհանուր հիմունքներով հայտ ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ գործող կանոնակարգի, հայտը պետք է ստանա դաշինքի անխտիր բոլոր անդամների հավանությունը և այդ փուլում խնդիրներ կարող են առաջանալ;

Օրինակ, Բարոզուն հայտարարել է, որ Իսպանիան ժամանակին դեմ էր Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին: «Ինչ-որ չափով սա նման մի դեպք է, քանի որ խոսքը նոր պետության մասին է»,-հավելել է նա: ԵՀ ղեկավարը հասկացրել է, որ Շոտլանդիայի բնակիչները պետք է իրենք որոշեն իրենց երկրի ապագան և ինքը մտադիր չէ ազդել այդ որոշման վրա:

Փետրվարի 13-ին Շոտլանդիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստացավ, որ անկախանալու դեպքում իր երկիրը կմնա Եվրամիության կազմում, սակայն որպես ինքնուրույն անդամ: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարեց, որ Շոտլանդիան անկախանալով չի կարողանա որպես արժույթ շրջանառել բրիտանական ֆունտ ստեռլինգը:

Շոտլանդիան անկախություն կստանա 2016 թվականի մարտի 24-ին, եթե շոտլանդացիների մեծամասնությունը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք անկախության հանրաքվեում կողմ արտահայտվի Մեծ Բրիտանիայից անջատվելուն: 2013 թ. նոյեմբերի 26-ին տեղի կառավարությունը Էդինբուրգում ներկայացրեց «սպիտակ գիրքը»: Այդպես է կոչվում Միացյալ Թագավորության այդ հատվածին անկախությունը վերադարձնելու մասին փաստաթուղթը: «Դա հիմնարար մի փաստաթուղթ է, որը բացահայտում է անկախության տնտեսական, սոցիալական ու դեմոկրատական գործընթացները: Այնտեղ շարադրված են Շոտլանդիայի ուժեղ ֆինանսական կողմերն ու մանրամասն նկարագրված է անկախացման գործընթացը»,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջոնը:

«Սպիտակ գրքի» հետ մեծ հույսեր են կապվում: «Դա անկախացման ձեռնարկ է, որը նման տիպի փաստաթղթերից ամենամանրամասնն ու ընկալելին կլինի երբևէ հրապարակվածների շարքում: Այն կարող է օգտակար լինել ոչ միայն Շոտլանդիայի, այլ ցանկացած անկախ երկրի համար», ասել է Սթարջոնը:

Զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ է պահանջվում անել ինքնիշխանության վերաբերյալ քվեարկությունից հետո մինչև առաջարկվող Անկախության օրն ու Շոտլանդիայի անկախ խորհրդարանի առաջին ընտրությունը:

Սթարջոնը հորդորել է բնակչությանը ծանոթանալ փաստաթղթին, որը 670 էջից է բաղկացած: Այն տարածվելու է ինչպես տպագիր, արդեն պատրաստ է 20 հազար առաջին տպաքանակը, այնպես էլ էլեկտրոնային տեսքով:

Մարտի 24-ը որպես Շոտլանդիայի անկախացման հնարավոր օր պատահաբար չի ընտրվել: 1603 թվականին այդ օրը կնքվեց «Թագերի դաշինքը», որը միավորեց Անգլիան ու Շոտլանդիան արքայատոհմային դաշինքով, որի շրջանակում երկու թագավորություններն անկախ մնացին մոտ 100 տարի:

Ինչ վերաբերում է հանրաքվեի օրվան, ապա այն ընտրվել էր դեռևս մարտին: Այն ժամանակ հասարակական կարծիքի հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Շոտլանդիայի անկախացման օգտին է հանդես գալիս բնակչության ընդամենը 30 տոկոսը, իսկ մոտ 50 տոկոսը համաձայն է, որ ստատուս քվոն պահպանվի: Թե ինչ փոփոխություններ են եղել վերջին շրջանում, հայտնի չէ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---