8  18.02.14 - Պարտադիր կուտակայինի դեմ ատոմակայանի աշխատակիցների ցույցը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ

Մենք ստրուկ չենք․ Ատոմակայանի աշխատակիցները կուտակայինի հարցով դիմեցին ՄԻՊ-ին

Մենք ստրուկ չենք․ Ատոմակայանի աշխատակիցները կուտակայինի հարցով դիմեցին ՄԻՊ-ին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի դիմաց այսօր՝ փետրվարի 18-ին, հավաքվել էին Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները․ նպատակը մեկն էր՝ ՄԻՊ գրասենյակ հանձնել ավելի քան 700 ստորագրությամբ նամակը, որտեղ հորդորում էին օմբուդսմենի աշխատակազմին պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Պատճառը կրկին 5% պարտադիր կուտակային պահումներն էին, որոնք ատոմակայանի ղեկավարությունն արել էր նրանց աշխատավարձից։ Հավաքվածների պահանջն էր, որ օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը։

Շենքի դիմաց հավաքված ցուցարարներից մի քանիսին ընդունել է ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը, ում էլ հանձնել են նամակը։ Վերջինս խոստացել է, որ այն քննության կառնվի։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցել է պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի:

«Մեր պահանջն է, որ պարտադիր բաղադրիչն օրենքից հանվի, մեր սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով` չենք ցանկանում 35 տարի հետո լավ ապրել, իսկ հիմա` վատ»,- ասել է ատոմակայանի աշխատակիցներից մեկը` նշելով, որ եթե կառավարությունը չընդունի իրենց պահանջները, ապա իրենք կդիմեն արմատական միջոցների` ընդհուպ մինչև հացադուլ, նստացույց ու գործադուլ, գրում է «Սիվիլնեթը»: Ցուցարարների խոսքով` իրենց անձնակազմը համախմբված է, և իրենք թույլ չեն տա իրենց հետ վարվել մետրոպոլիտենի աշխատակիցների պես, որոնցից մի քանիսին աշխատանքից հեռացրել էին:

Փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դիմաց աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով աշխատավարձից պահված պարտադիր կուտակային վճարի դիմաց։ Նրանք այդ բողոքը շարադրել էին նամակում, որը փոխանցել էին ղեկավարությանը։

Մետրոպոլիտենի աշխատակիցներին խոստացել էին պատասխանել 7 օր անց։ Արդեն փետրվարի 14-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ցույցին մասնակցած 3 աշխատակցին ազատել են աշխատանքից։ Նաև հավելել էին՝ սա ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների։ Ավելի ուշ աշխատակիցները մամուլի ասուլիս տվեցին՝ նշելով, որ պատրաստվում են գործատուի դեմ հայց ներկայացնել։

Ավելի վաղ աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ աշխատակիցները:

Ըստ մասնակիցներից մեկի՝ ՄԻՊ գրասենյակը միակ ինստիտուտն է, որը դեռ շարունակում է ծառայել ժողովրդին, բարձրացվող հարցերին աշխատում է տալ դրական լուծումներ:

«Քաջ գիտակցում ենք, որ իշխանությունը ձեր դիտողությունները հաշվի չի առնում, բայց եկել ենք ձեզ մոտ»,- ասել է ատոմակայանի աշխատակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը:

ՄԻՊ խորհրդականը խոստացել է՝ դիմումին հրապարակային պատասխան կտան։ Իմիջիայլոց, ատոմակայանի աշխատակիցները գործատուի հետ բանակցելու որևէ անհրաժշտություն չեն տեսնում․ ասում են՝ հասկանում են, որ նա էլ իրենց պես վարձու աշխատող է։

«Նա շատ լավ մասնագետ է, ու լավ կատարում է իր աշխատանքը, բայց գիտենք, որ ոչինչ անել չի կարող, որպեսզի նրանից մեր իրավունքների պաշպանություն պահանջենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ ՄԻՊ աշխատակցին ուղղելով, որ օրենքը ոչ թե բարեփոխում է, այլ՝ «չարափոխում», գրում է Tert.am-ը։

Սպառնալով գործադուլով, աշխատակիցները հիշեցրել են, որ ատոմակայանը հիմնարկ է, որտեղ օրենքով թույլ չի տրվում դադարեցնել աշխատանքը, ասել են՝ ամեն ինչ կախված է իշխանության պատասխանից և հույս ունեն, որ չեն դիմի նման քայլի։

«Ստրուկ չենք, աշխատել և աշխատում ենք ատոմակայանում շատ լավ, բայց չկա այդպիսի օրենք, որ մարդուն ստիպի ստրուկ լինել»,- նշել է նրանցից մեկը։

Աշխատակիցները դիմում են գրել, որպեսզի իրենց չպարտադրեն ֆոնդեր ընտրել։ Ակցիայի ավարտին հայտարարել են, որ հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն, բայց որևէ կերպ չեն պատրաստվում զիջումների գնալ։

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---