42  21.02.14 - «Լուսավորման երթ» պարտադիր կուտակայինի դեմ

Լուսավորման երթը․ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքողներն անցան Երևանի փողոցներով

Լուսավորման երթը․ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքողներն անցան Երևանի փողոցներով

PanARMENIAN.Net - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հերթական բողոքի երթն էր կազմակերպվել, այս անգամ՝ «Լուսավորման»։ Կազմակերպիչը կրկին կուտակայինի դեմ ակտիվ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն էր։ Երթին մասնակիցներն եկել էին լապտերներով ու լուսարձակող սարքերով։ Նախատեսված երթուղին էր՝ Մատենադարան - Մաշտոցի պողոտա – Թումանյան - Աբովյան - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան - Սայաթ Նովա - Ազատության հրապարակ։

Ըստ «Դ!ԵՄ ԵՄ»-ի, «Լուսավորման երթի» նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքն ու «ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու վճռականությունը»։

Նախապես տարածած հաղորդագրությամբ քաղնախաձեռնությունը կոչ էր արել հետևել Ատոմակայանի, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլցանցի ու Օպերայի աշխատակիցների օրինակին ու ինքնակազմակերպվել։

Փետրվարի 12-ին ԿարենԴեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դիմաց աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով աշխատավարձից պահված պարտադիր կուտակային վճարի դիմաց։ Նրանք այդ բողոքը շարադրել էին նամակում, որը փոխանցել էին ղեկավարությանը։

Մետրոպոլիտենի աշխատակիցներին խոստացել էին պատասխանել 7 օր անց։ Արդեն փետրվարի 14-ին«Դ!ԵՄ ԵՄ»նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ցույցին մասնակցած 3աշխատակցին ազատել են աշխատանքից։ Նաև հավելել էին՝ սա ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների։ Ավելի ուշ աշխատակիցները մամուլի ասուլիս տվեցին՝ նշելով, որ պատրաստվում են գործատուի դեմ հայց ներկայացնել։

Ավելի վաղ աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ աշխատակիցները:

Նույն խնդրով ՄԻՊ գրասենյակի դիմաց փետրվարի 18-ին հավաքվել էին նաև Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները։ Նրանք գրասենյակ հանձնեցին ավելի քան 700 ստորագրությամբ նամակը, որտեղ հորդորում էին օմբուդսմենի աշխատակազմին պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Պաշտպանի գրասենյակը խոստացավ դրան պատասխանել հրապարակային։

Երթի մասնակիցները Մատենադարանի մոտից թմբուկների ուղեկցությամբ շարժվեցին «հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ», «մենք ենք տերը մեր երկրի» ու «դեմ ենք» կոչերով։

Նախաձեռնության անդամները երթին «լուսավորման» անվանում են տվել ոչ միայն որովհետև պատրաստվում էին լապտերներով լուսավորել ճանապարհը, այլև նպատակն ունեին «լուսավորել պայքարի իրական ուղին», ասաց նրանցից մեկը։ Արդեն բարձրախոսով հայտարարվեց, թե արդեն որերորդ շաբաթն է՝ աշխատողներին ճնշում են և պարտադրում ֆոնդեր ընտրել, գրում է Tert.am-ը։

«Չենք հանդուրժելու նման քայլեր։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ պայքարին, այն շարունակվելու է»,- նշեցին նրանք։

Մաշտոցի պողոտայում երթևեկութունը միակողմանի փակ էր։ Կազմակերպիչները հեռուստացույցով ու օնլայն իրենց հետևողներին առաջարկում էին գալ ու միանալ, քանի որ «հաղթել կարելի է միայն միասնական ուժերով»: Ընթացքում մարդկանց թիվն ավելանում էր, քանի որ մասնակիցներին էին միանում անցորդները: Մեքենաների վարորդներն իրենց հերթին ձայնային ազդանշաններով էին իրենց աջակցությունը հայտնում։

Ըստ կազմակերպիչներից մեկի, առավոտյան արդեն նշեցին առաջին հաղթանակը՝ տապալելով ««Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովը»։

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամներից մեկին առավոտյան հաջողել է խանգարել համաժողովի ընթացքը: Երիտասարդը ելույթներից մեկի ժամանակ ասել էր, որ հասարակությունը դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, բայց ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում:

Քիչ անցդրոշներով միացել էին նաև նախաձեռնության անդամները` խնդրելով պատասխանել իրենց մտահոգող մի շարք հարցերի:Տեղեկատվական համակարգի մասնագետները նրանց դուրս էր հանել դահլիճից` միջանցքում հայտարարելով, որ ակտիվիստներն ու լրագրողներն իրենց պահվածքով խանգարում են համաժողովի ընթացքը:

Համաժողովին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, սակայն, միջադեպի ժամանակ արդեն հեռացել էր դահլիճից։Միջադեպի պատճառով համաժողովն ընդհատվել էր, բայց «Դ!ԵՄ ԵՄ-ի» անդամների հեռանալուց հետո կրկին վերսկսել։

Հասնելով Ամիրյան փողոց, երթի մասնակիցները, ըստ նախատեսվածի, շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ մեկ րոպե լռութամբ հարգեցին այս օրերին Կիևում զոհվածների հիշատակը։

Կառավարության շենքի դիմացից «ա-մոթ, ա-մոթ» վանկարկելով շարժվեցին առաջ՝ Նալբանդյանով դեպի Ազատության հրապարակ:

Հասնելով այնտեղ, երթի մասնակցիները հաղթանակի ու միասնության կոչերով ամփոփեցին ակցիան՝ նշելով, որ պայքարը շարունակվում է:

Նրանք քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ արեցին չընտրել ֆոնդեր, իսկ գործատուներին՝ կուտակյին պահումներ չանել ու ֆոնդերին գումարներ չփոխանցել: Ամփոփելով երթը, «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները նշեցին, որ պետք չէ վախենալ կորցնել աշխատանքն «անօրինությանը» դեմ լինելու պատճառով ու խոստացան՝ եթե նման դեպք է պատահել, իրենք ամեն կերպ կօգնեն նոր աշխատանք գտնել։

Փետրվարի 15-ին Երկրապահ կամավորական միության համագումարում կուտակային համակարգին էր անդրադարձել նաև նախագահ Սերժ Սարգսյանը` այն հասարակության համար «կենսական», «կարևորագույն բարեփոխում» անվանելով։ Նախագահն իր ելույթում նշել էր, որ բարեփոխմանը դեմ է բնակչության 80 տոկոսը, բայց «որևէ մեծ խնդիր դրանում չի տեսնում»։ Նախագահ Սարգսյանի համոզմանբ, պետությունը պիտի օգնի երիտասարդին, որ տարիներ անց ինքն իրեն օգնություն հասցնի։ Ըստ նրա, չկա պետություն, որտեղ բարեփոխումները հանդարտ ու առանց դժգոհության են անցնում:

Փետրվարի 19-ին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մամուլի ասուլիսում զգուշացրել էր, որ Հայաստանի այն գործատուները, որոնք կուտակվող կենսաթոշակի համար պահումներ են արել իրենց աշխատակիցներից, սակայն չեն փոխանցել այդ գումարները, կարող են կրկնակի պատասխանատվության ենթարկվել։ Ըստ նրա, ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի միայն երկու հոդված (մեկը մասնակի), իսկ մյուս հոդվածներում առկա պարտավորությունները չկատարելու դեպքում դրանց կատարման համար պատասխանատուները` գործատուները, կարող են պատժվել։

Մինչև այդ` փետրվարի 18-ին, նախարարությունն ու ՊԵԿ-ը հայտարարել էին, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»: Հունվարի վճարման վերջնաժամկետը փետրվարի 19-ն էր։

Հղումներ թեմայով.
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---