ԱՄՆ դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն ընդունում Էրդողանի բռնատիրական կեցվածքը

ԱՄՆ դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն ընդունում Էրդողանի բռնատիրական կեցվածքը

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի նախկին խորհրդական Դենիս Ռոսը, Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Անն-Մարի Սլոթերը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջուլիանա Սմիթն ու ևս 80 նախկին դեսպան ու քաղաքական գործիչ նամակ են հղել Օբամային՝ հորդորելով նրան փոխել վերաբերմունքը Թուրքիայի վարչապետ Էրդողանի նկատմամբ: Ըստ նամակի հեղինակների, Օբաման վնասում է Թուրքիայում «ժողովրդավարությանը», աչք փակելով թուրք վարչապետի բռնատիրության ու դեմագոգիայի վրա, ինչը խարխլում է ամերիկա-թուրքական բազմամյա ու ռազմավարական գործընկերությունը: Ըստ հեղինակների, ԱՄՆ լռությունը կարող է ընկալվել թուրք հանրության կողմից որպես հավանություն Էրդողանին ու աջակցություն: «Վաշինգտոնը պետք է հստակ հայտարարի, որ վարչապետ Էրդողանի ավտորիտար գործողություններն ու դեմագոգիան խարխլում են երկրի քաղաքական ինստիտուտներն ու սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ ու Թուրքիայի հարաբերությունները»,- ասվում է նամակում:

«Հորդորում ենք Ձեզ բացատրել թուրք հանրությանը, որ Ամերիկան մտահոգված է Թուրքիայում ընթացող գործընթացներով: Ձեր լռությունը միայն խրախուսում է վարչապետ Էրդողանին երկրում օրենքի գերակայությունը սահմանափակելու ձգտման մեջ»,- ասվում է նամակում: Այն շատ լավ է բնութագրում Օբամայի ձախողված արտաքին քաղաքականությունը, ինչի մասին վերջին երկու ամիսներին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Եվ իրոք, պարտություն կրելով սիրիական ճակատում (անվանենք իրերն իրենց անունով), սատարելով «արաբական գարնանը», որը Մերձավոր Արևելքում կյանքը քաոսի վերածեց, Օբաման ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունից, որը նույնիսկ ամենամեղմ չափանիշներով ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարական պետության շրջանակում, որը ցանկանում է տեսնել ԱՄՆ-ն: Հասկանալու համար, որ Թուրքիային երկու քայլ է բաժանում բռնապետությունից, դեսպանների նամակներն ավելորդ են: Բավական է տեսնել, թե ինչ օրենքներ է առաջ տանում առայժմ «իր» խորհրդարանով Էրդողանը: Սակայն, հաշվի առնելով, որ պատգամավորներն իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունից փախուստի են դիմում, Էրդողանի համար գնալով կդժվարանա օրենքներ հաստատելը:

Ամեն ինչ սկսվեց Գեզի պուրակում բողոքներից, երբ Էրդողանը, փաստացի անտեսելով համաշխարհային հանրությանը, ջրանետ մեքենաների ու արցունքաբեր գազի օգնությամբ ցրեց ցուցարարներին: Հետո սկսվեց «մեծ կաշառքի» հետ կապված սկանդալը, խստացվեց համացանցի վերահսկողությունը, դատավորների ու դատախազների զանգվածային պաշտոնանկություններ եղան: Այս ամենը, եթե հաշվի չառնենք սեփական՝ թուրքական, սկզբունքներից ելնելով սիրիական կարգավորմանը մասնակցելու մանիայի հասնող ձգտումը: Շատ բան կա թվարկելու՝ աջակցությունն իսլամիստներին Եգիպտոսում, Լիբիայում, «խաղերը» Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ, Իսրայելի ու Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու անկարողությունը, ղարաբաղյան կարգավորմանը միջամտելու փորձերը: Ի դեպ, ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկային ու Մերձավոր Արևելքին, ներառյալ Սաուդյան Արաբիան, ապա Թուրքիայի ձգտումը «դերակատարություն» ունենալ այդ երկրներում կարելի է վերագրել օսմաններից մնացած գենետիկ հիշողությանը: Ի վերջո, «նոր օսմանականությունը» դատարկ տեղում չի առաջացել:

Բանն այն է, որ Թուրքիայի համար այդ բացասական իրադարձությունների շարքն արդեն իր ազդեցությունը թողել է երկրի էկոնոմիկայի վրա, բևեռացրել նրա հանրությանն ու սպառնալիքի տակ դրել երկրի կայունությունը: Լիրայի փոխարժեքն անկում է ապրում, գործազրկությունն աճում է, անկախ էրդողանական մամուլի հաղթական զեկույցներից: Մամուլի մասին առանձին է պետք ասել՝ TRT պետական ալիքը, որի կայքն ամեն օր մամուլի տեսություն է տալիս, զարմանալիորեն նմանվում է խորհրդային տարիների «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի առաջին էջերի հոդվածներին, իսկ հեռուստատեսային նորությունները՝ թուրքերենով «Վրեմյա» ծրագիրն է: Մեկ օրինակ. Star թերթը գրում է, որ ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների, 2013-ին ներդրումների զուտ միջազգային հոսքը Թուրքիա կազմել է 12 մլրդ 686 մլն դոլար: Թերթը նշում է, որ միայն անցյալ տարվա դեկտեմբերին օտարերկրյա ներդրումները Թուրքիայում կազմել են 1,9 մլրդ դոլար: Այնպես որ ԱՄՆ քաղաքական գործիչների ու դիվանագետների նամակը շատ տեղին ու ժամանակին է: Հարցը միայն այն է, կանսան արդյոք Սպիտակ տանը այդ հորդորներին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---