Օմբուդսմենը ՍԴ-ի ուշադրությունն է հրավիրում կուտակայինի հարցում պետմարմինների ճնշումներին

Օմբուդսմենը ՍԴ-ի ուշադրությունն է հրավիրում կուտակայինի հարցում պետմարմինների ճնշումներին

PanARMENIAN.Net - Կուտակային «խաթնաշփոթին ու անընդունելի վիճակին, գործատուների և քաղաքացիների վրա գործադրվող ճնշումներին» ուշադրություն հրավիրելու համար Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանը հրատապ գրություն է ուղարկել Սահմանադրական դատարան:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը փետրվարի 24-ի գրությամբ ՍԴ-ին տեղեկացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի ու Կենտրոնական բանկի հայտարարությունների մասին` նշելով, որ դրանք նպաստում են խառնաշփոթի խորացմանն ու պատրադրվող համակարգի դեմ պայքարող աշխատողներին աշխատանքից հեռացմանը:

Անդրեասյանը ՍԴ-ին հայտնել է, որ դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո, որով կասեցվել էին օրենքի երկու հոդվածները, տարաբնույթ մեկնաբանություններ են եղել, որոնք ստիպել են որոշ գործատուների` աշխատավարձերից պահումներ անել կուտակային համակարգի համար` մի շարք ընկերությունների աշխատակիցների հրապարակային դժգոհությունը հարուցելով:

Պահումների դեմ բողոքի արշավը սկսել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ աշխատակիցները:

ԿարենԴեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները նրանց միացել էին փետրվարի 12-ին` իրենց դժգոհությունները նամակով փոխանցելով մետրոպոլիտենի ղեկավարությանը։ Փետրվարի 14-ին կուտակայինի դեմ ակտիվ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ցույցին մասնակցած 3 աշխատակցի ազատել են աշխատանքից` թեպետ նրանց նամակին խոստացել էին պատասխանել մեկ շաբաթում։ Աշխատանքից ազատված աշխատակիցներն այունհետ հայտարարել էին, որ պատրաստվում են գործատուի դեմ հայց ներկայացնել։

Բողոքելու համար ՄԻՊ գրասենյակի դիմաց փետրվարի 18-ին հավաքվել էին նաև Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները։ Նրանք ավելի քան 700 ստորագրություն պարունակող նամակով հորդորել էին օմբուդսմենի աշխատակազմին պաշտպանել իրենց խախտված իրավունքները։

Համակարգի դեմ հերթական բողոքի ակցիան տեղի էր ունեցել փետրվարի 21-ին: «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության «Լուսավորման երթի» նպատակը ևս մեկ անգամ պարտադիր կուտակայինի դեմ բողոք բարձրաձայնելն էր ու «մինչև հաղթանակ պայքարելու վճռականությունը» ցույց տալը։

Մինչ Հայաստանում բնակչության մի մասը բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ` դրա պարտադիր բնույթը հակասահմանադրական ու մարդու իրավունքների խախտում համարելով, Համաշխարհային բանկի փորձագետները կոչ են անում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներին նոր մոտեցումներ ցուցաբերել կենսաթոշակային համակարգերի բարելավման համար:

Փետրվարի 21-ին Բրյուսելում ներկայացված ՀԲ «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» նոր զեկույցը պարզել է, որ գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հրատապ բարեփոխումների կարիք է զգացվում:

«Կենսաթոշակային համակարգերն այլևս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տևողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը», - զեկույցի քննարկմանն ասել է Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեվենգան:

«Զեկույցը դիտարկում է լուծումների շրջանակը և եզրակացնում, որ պետական կենսաթոշակային համակարգը պետք է առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը և միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»,- հավելել է Ռեվենգան:

«Զեկույցի ամենացնցող բացահայտումներից մեկն այն էր, որ հատկացում կատարողների թվի ավելացումը՝ ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավմամբ, օգնում է կենսաթոշակային համակարգին միայն կարճաժամկետ հեռանկարում, սակայն ավելի է բարդացնում իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում, երբ հարկ կլինի կենսաթոշակ վճարել ավելի մեծ թվով թոշակառուների, - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Օմար Արիասը, ով զեկույցի հիմնական հեղինակներից է, - ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավումը պետությունների համար կապահովի ժամանակ, որպեսզի նրանք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն կենսաթոշակային համակարգում, սակայն այդ կերպ հնարավոր չի լինի հասնել երկարաժամկետ հեռանկարում կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովման երկակի նպատակին»:

ՀԲ փորձագետները եզրակացել են, որ երկրներն ավելի ու ավելի են սահմանափակում իրենց արդեն իսկ գերբեռնված կենսաթոշակային ծախսերը՝ խրախուսելով մասնավոր կենսաթոշակային ծրագրերն ու անհատական երկարաժամկետ խնայողություններով ծրագրերը: «Այնպիսի միջոցները, ինչպիսիք են աշխատողների ավտոմատ գրանցումը խնայողական ծրագրերում, կօգնեն, որ սեփական խնայողությունների հաշվին աշխատողները կարողանան լրացնել կենսաթոշակային եկամուտների բացը»,- նշել է նրանցից մեկը՝ ընգծելով, որ այնպիսի լուծումներ, որոնք կիրառելի կլինեն բոլորի համար, չկան:

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղի է ընտրվում, երկրները պետք է սկսեն սոցիալական երկխոսություն այն մոտեցումների շուրջ, որոնք, ի հեճուկս ժողովրդագրական մարտահրավերների, տվյալ երկրի համատեքստում թույլ կտան լավագույնս պահպանել կենսաթոշակային համակարգի կարողությունը՝ երաշխավորելու բազային եկամուտ այսօրվա երիտասարդների համար, երբ նրանք հասնեն կենսաթոշակային տարիքի»,- հավելել են փորձագետները:

Հայաստանի դեպքում, որը 2010-ից անցել էր կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի, սակայն կամավոր մասնակիցներ չունենալով, 2014-ի հունվարի 1-ից ներդրեց պատրադիր համակարգ` դրա շահառուների հետ երկխոսությունը չի ստացվում:

Շահառուներից ամենաակտիվ` համակագին դեմ արտահայվող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունից Tert.am-ին հայտնել են, որ մարտի 28-ին նախատեսված ՍԴ-ի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության մասին որոշմանն ընդառաջ մարտի 22-ին հանրահավաք են անցկացնելու` ոչ իշխանական չորս ուժերի հետ:

Հղումներ թեմայով.
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---