Թուրքիայի ընդդիմությունն Էրդողանին կոչ է անում հրաժարական տալ

Թուրքիայի ընդդիմությունն Էրդողանին կոչ է անում հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Որքան մոտենում է Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը, այնքան բարձր են հնչում Էրդողանին հասեցագրված հրաժարականի պահանջները: Կարծես դաժան ճակատագիրն է հետապնդում վարչապետին դեկտեմբերի 17-ից սկսած, երբ բազմաթիվ նախարարներ ու պաշտոնյաներ ձերբակալվեցին «Մեծ կաշառք» գործողության ժամանակ: Այժմ սկանդալի կենտրոնում Էրդողանի որդին է՝ Բիլալը: Հեռախոսազրույցում Էրդողանն ասում է, որ պետք է պահել 1 մլրդ դոլարի հասնող կանխիկ գումարը՝ փոխանցելով այն մի քանի գործարարների: Վերջին խոսակցության ժամանակ Բիլալն ասում է հորը, որ մնացել է 30 մլն եվրո, որոնք նա նույնպես ապահով տեղում կպահի: Հեռախոսազրույցներից բացի կան նաև տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է Էրդողանի որդին փողերը դուրս հանում տնից:

Ձայնագրությունը հրապարակվել է YouTube պորտալում երկուշաբթի՝ փետրվարի 24-ին: «Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որը վարկաբեկել է իրեն գողությամբ ու կաշառակերությամբ, պետք է անհապաղ հրաժարական տա»,- հայտարարել է Հալուկ Քոչը, որը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը:

Ցանցում հայտնված ձայնագրությունը խիստ բացասական ազդեցություն ունեցավ թուրքական բորսայի վրա: Երեքշաբթի առավոտյան բորսան բացվեց երեքտոկոսանոց անկումով, իսկ երեկոյան այն կորցրեց արդեն 3,21 տոկոս: Թուրքական արժույթը թուլացավ և անկում ապրեց մինչև 2,2 և 3,03 համապատասխանաբար դոլարի ու եվրոյի համեմատ:

Սկզբում Ստամբուլի բորսայի ինդեքսն ընկավ մինչև 62 հազար 159 կետ, նվազագույն ցուցիչի այն հասավ ցերեկը՝ 61 հազար 894 կետ, սակայն փակման ժամանակ աճեց մինչև 62 հազար 639 կետ: Բոլոր թուրքական ընկերությունների բաժնետոմսերը, յոթից բացի, անկում ապրեցին, ամենից շատ կորցրեցին սննդարդյունաբերության ընկերությունները:

Հավանաբար, Էրդողանի ու Ֆեթուլահ Գյուլենի առճակատումը շատ լուրջ է: Գյուլենին պատկանող Zaman-ը հորդորում է ծնողներին թույլ չտալ երեխաներին դիտել հեռուստացույցով վարչապետ Էրդողանի ելույթները: Անստորագիր հոդվածը կոչ է անում Էրդողանի հեռուստաելույթների ժամանակ հեռուստացույցների էկրաններին զետեղել տեքստային զգուշացում այն երեխաների համար վտանգավոր լինելու վերաբերյալ՝ 13+ կամ 7+:

«Վարչապետն այն մարդն է, որն իր վարքով ու ելույթներով պետք է օրինակ ծառայի երեխաներին ու երիտասարդներին: Կոպիտ արտահայտությունները, զրպարտանքը, սուտը, որոնք հակասում են հասարակական կանոններին, անհարիր են վարչապետին: Սակայն Թուրքիայի վարչապետը չի վարանում այդ ամենն օգտագործել, իսկ նրա ելույթները հեռարձակվում են ուղիղ եթերով 10-15 հեռուստաալիքներով: Դա չափազանց վտանգավոր է մեր երեխաների հոգեկան առողջության ու ապագայի համար: Թուրքիայի ռադիոյի ու հեռուստատեսության Գերագույն խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի, երեխաներին այդ ամենից զերծ պահելու համար՝ զգուշացնելով հեռուստաալիքներին, որոնք հեռարձակում են ելույթները, ատելություն ու վրեժ են սերմանում ու վիրավորանքներ պարունակում»,- ասվում է հոդվածում:

Մինչև մարտի 30-ը, այսինքն՝ ընտրությունների օրը, քիչ ժամանակ է մնացել և նրանից, թե ինչպես կվարվեն Էրդողանն ու Գյուլենը որոշ չափով կախված է նաև Թուրքիայի ապագան:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---