ԱԺ-ում խոստացան՝ «Նաիրիտի» հարցը հանձնաժողովում կուսումնասիրվի, բայց աշնանը

ԱԺ-ում խոստացան՝ «Նաիրիտի» հարցը հանձնաժողովում կուսումնասիրվի, բայց աշնանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում առայժմ չի ստեղծվի «Նաիրիտ» քիմգործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Փետրվարի 26-ին ձայների 55 դեմ, 40 կողմ ու 1 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը մերժել է «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացրած նախագիծը: Ըստ դրա, հանձնաժողովը պիտի ուսումնասիրեր «Նաիրիտի» մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների ու անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները:

Քվեարկությունից առաջ ձայն խնդրելով վարման կարգով, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չնայած հանձնաժողովի ստեղծմանը դեմ չեն, բայց այս պահին դա «նպատակահարմար չեն գտնում»` հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները: Երեկ նախագծի քննարկմանը, որին միացել էր նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ իշխանությունները կողմնակից են հանձնաժողով ստեղծելուն, բայց ոչ հիմա:

Մինչև այդ նախարար Մովսիսյանն իր ելույթում ևս նշել էր, որ այժմ հանձնաժողովի ստեղծումը կխաթարի «Ռոսնեֆտ»-ի հետ տարվող աշխատանքները:

2013-ի ամփոփիչ ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է ներդրումներ անել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ գործադիրի ղեկավարի, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է «Նաիրիտին»: Արդեն փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել էր, որ «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան կառուցելու հարցը:

Փետրվարի 24-ին Սոչիում ՀՀ ու ՌԴ վարչապետները անդրադարձել էին «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրերին: «Լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում դրանք իրականություն դառնան: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:

Նախարարի համոզմամբ, թե խորհրդային, թե հետխորհրդային տարիներին լինելով Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկը, «Նաիրիտն» ունեցել է ամենածանր պրոբլեմները:

«Այսօր էլ 2500 մարդ է աշխատում և բնական է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված ցանկացած հարց պետք է հնչեղություն ստանա… Անընդհատ ասում են կառավարությունը որոշել է սնանկացնել գործարանը, բայց եթե ուզենար, ապա 3-4 տարի առաջ կային այդ մոտիվները և կսնանկացներ: Կամ` ուզում է փակել գործարանը: Է` ավելի հեշտ կլիներ, երկամսյա աշխատավարձը կտային աշխատողներին կպրծնեին… Բայց իրականում գործարանի ամենամեծ հարստությունը ոչ թե սարքավորումներն են, այլ մասնագիտական կազմն է»,- բայց դրանք պետք է զերծ լինեն քաղաքական երանգավորումներից»,- նշել էր Արմեն Մովսիսյանը, գրում է Panorama.am-ը:

Փետրվարի 25-ին ներկայացնելով ՀՅԴ նախագիծը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ «Նաիրիտի»-ի ճակատագիրը որոշելն օրենսդիր մարմնի գլխավոր հարցերից է: Ըստ պատգամավորի, ակնհայտ է, որ աշխատանք է տարվում «Նաիրիտ»-ի քլորոպրենային կաուչուկի արտադրությունը միջազգային շուկայից դուրս մղելու ուղղությամբ: «Սա կազմակերպված գործընթաց է, որում ներգրավված են թե կառավարությունը, թե մրցակից կազմակերպությունները՝ անուղղակի ձևով: Մանրամասները, կարծում եմ, հանձնաժողովը պետք է քննարկի՝ առանց անուններ հրապարակելու, գործակցելով նաև իրավապահ մարմինների հետ»,- նշել է Մինասյանը, գրում է «Փաստինֆոն»:

Նախագծով հանձնաժողովը, մասնավորապես, պետք է ուսումնասիրեր «Նաիրիտ»-ի մասնավորեցման, մասնավորեցումից մինչև հիմա ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձևավորման գործընթացն ու նպատակները, գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորություններն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումներն ու զարգացման ծրագրերը:

Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հանձնաժողովը կքննարկի նաև, թե ինչ առնչություն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը «Նաիրիտ»-ում ստեղծված իրավիճակի հետ. «Վարչապետի եղբայրը, ըստ այն տեղեկատվության, որ կա, զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Բայց թե ուղղակի կապ կա այս գործարքների հետ, չեմ կարող հայտարարել: Այդ հարցի պատասխանը կտա ստեղծվելիք հանձնաժողովը»,- նշել էր պատգամավորը:

Մինչ երեկ խորհրդարանում քննարկումներ էին, «Նաիրիտի» մոտ 50 աշխատակից և Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրնում: Ակցիայի մասնակիցները պահանջում էին հաստատել հանձնաժողովի ձևավորումը, կանխել գործարանի լուծարումը և պահպանել աշխատատեղերը: Նաիրիտցիները պահաջում էին նաև վճարել իրենց 15 ամսվա աշխատավարձը, գրում է «Սիվիլնեթը»:

Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան փետրվարի 12-ին էր, երբ նրանք հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը կրկին նույնն էր՝ վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը: Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն առաջարկել էր միասին գնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու հարցը քննարկել նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Բայց առաջարկը զայրացրել էր նաիրիտցիներին՝ ասել էին, թե նախարարի հետ մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք «կոնկրետ արդյունք չեն տվել»:

Քիմհսկայի աշխատակիցների պահանջն էր հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակից համաձայնել էին հանդիպել նախարարին: Արմեն Մովսիսյանը նրանց խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ վճարել:

Գործարանի հետագա ճակատագրի մասին նա աշխատակիցներին հստակ բան չէր ասել, միայն նշել, որ «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է հենց այդ ընկերությունից:

Այդպիսով, իրենց բավարարող պատասխանը չստանալով, ցուցարարներն ուղևորվել էին Բաղրամյան 26` իրենց դիմում-բողոքը հանձնելու ՀՀ նախագահին: Գործարանի աշխատակիցների գրավոր պահանջներին նախագահականում խոստացել էին պատասխանել առավոտյան:

Այսօր առավոտյան ևս «Նաիրիտ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ հավաքվել էին խորհրդարանի դիմաց: Նրանց ձեռքին չկար ոչ մի պաստառ, ոչ ոք բարձրախոսով չէր հնչեցնում իրենց պահանջները:

Աշխատակիցները հույս չունեին, որ նախագիծը կընդունվի, քանի որ երեկ քննարկումից հասկացել էին, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է, գրում է Tert.am-ը։ Նրանք նաև տեղյակ էին, որ մեծամասնությունը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, բայց աշնանը, սակայն հարցնում էին՝ մինչև այդ իրենք ի՞նչ անեն, չէ որ արդեն 15 ամիս՝ աշխատավարձ չեն ստացել։

«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը մոտ 4 տարի պարապուրդի է մատնված, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---